Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով վարակման ենթադրյալ դեպքերի թիվը գերազանցել է 900-ը: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Համաճարակի հսկողության ընդլայնմանը զուգընթաց ԿԴՀ-ում Էբոլայի բռնկմանը հակազդելու շրջանակներում հայտնաբերվել է ավելի քան 900 ենթադրյալ դեպք, այդ թվում՝ 101 հաստատված դեպք», – գրել է նա X հարթակում։
Գեբրեյեսուսը նշել է, որ Իտուրիի նահանգում, որը բռնկման էպիկենտրոնն է, ապրում է 5 միլիոն մարդ։ Յուրաքանչյուր չորրորդը հումանիտար օգնության կարիք ունի, իսկ յուրաքանչյուր հինգերորդը ներքին տեղահանված է։
«Բռնությունն ստիպում է մարդկանց լքել իրենց տները, այդ թվում՝ բժշկական և հումանիտար ոլորտի աշխատողներին։ Սա լրջորեն դժվարացնում է շփումների հսկման ընդլայնումը և վարակվածների ավելի շուտ հայտնաբերումը», – նշել է ԱՀԿ ղեկավարը։











































