Netflix-ը հունիսի 3-ին կներկայացնի «Մայքլ Ջեքսոն․ դատավճիռը» երեք մասից բաղկացած վավերագրական շարքը, որը պատմում է երգչի 2005 թվականի աղմկահարույց դատավարության մասին։ Ֆիլմն անդրադառնում է մանկապղծության մեղադրանքներից հետո սկսված դատական գործընթացին և այն մեդիաաղմուկին, որը երկար տարիներ ուղեկցել է այդ գործը։
Նախագծում ներառված են երդվյալ ատենակալների, վկաների, պաշտպանների, մեղադրողների և լրագրողների պատմությունները։ Հեղինակները նշել են, որ փորձել են գործը ներկայացնել թե՛ մեղադրանքի, թե՛ պաշտպանության տեսանկյունից։
Չնայած այն բանին, որ Ջեքսոնն արդարացվել էր բոլոր մեղադրանքներով, նրա անվան շուրջ վեճերը շարունակվում են մինչ օրս։ Ֆիլմի ստեղծողների խոսքով՝ դատարանում տեսախցիկների բացակայության պատճառով հասարակությունը դեպքերին ծանոթացել էր միայն լրատվամիջոցների կողմից տրամադրվող մասնատված տեղեկություններով, և այժմ նպատակն է ներկայացնել տեղի ունեցածի ամբողջական պատկերը։









































