Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ պարզաբանումներ է ակնկալում Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից՝ կապված ռուսական նավթի որոշ տեսակների, մասնավորապես դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի ներմուծման նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու որոշման հետ։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Մեծ Բրիտանիան նաև թույլատրել է ռուսական հեղուկ բնական գազի ծովային փոխադրումը։
«Ներկայումս մեր դիվանագետների, [նախագահի] գրասենյակի և բրիտանական կողմի միջև շատ ակտիվ կապ է հաստատվում՝ մանրամասները պարզաբանելու համար», – մայիսի 20-ին ասել է Զելենսկու օգնականը։
Զելենսկին նախկինում բազմիցս կոչ է արել արևմտյան գործընկերներ՝ պահպանել պատժամիջոցների խիստ ռեժիմը՝ կապված ռուսական նավթի արտահանման հետ։ Պաշտոնական Կիևը մշտապես պարզաբանել է, որ Ռուսաստանն այդ գործարքներից ստացված գումարն օգտագործում է Ուկրաինայի դեմ իր պատերազմը ֆինանսավորելու համար։
Վերջին ամիսներին Կիևը ակտիվացրել է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքների դեմ հեռահար հարվածները՝ մասնավորապես հարվածներ հասցնելով Բալթիկ և Սև ծովերի նավահանգիստներին, ինչպես նաև Ուրալում գտնվող թիրախներին, որոնք առաջնագծից ավելի քան 1500 կմ հեռավորության վրա են։ Զելենսկին այս հեռահար հարձակումներն անվանել է «հեռահար պատժամիջոցներ»։
Մեծ Բրիտանիան ռուսական նավթից պատրաստված դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի ներմուծման վրա երրորդ երկրներում արգելք դնելու ծրագրերը մեղմացրել է՝ մատակարարումների խափանումների և դրա հետևանքով գների բարձրացման հետ կապված մտահոգությունների պատճառով։
Արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ իրենց քաղաքականության փոփոխությունը պետք է բնորոշել որպես հրաժարում Ռուսաստանի տնտեսությանը վնասելուն ուղղված պատժամիջոցներից։ Այդուհանդերձ, բրիտանական կողմը հայտնել է, որ ստեղծված տնտեսական իրավիճակում անհրաժեշտ են լրացուցիչ ճկունություններ։








































