Սպիտակ տունը հրապարակել է նախագահներ Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ առանցքային տեղ են զբաղեցնում էներգետիկ անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերը։ Ի տարբերություն չինական կողմի հայտարարությունների, ամերիկյան կողմի տարածած փաստաթղթում Թայվանի հարցի մասին որևէ հիշատակում չկա։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա էներգակիրների ազատ հոսքն ապահովելու համար։ Նախագահ Սին հստակ արտահայտել է Չինաստանի դեմ լինելը նեղուցի ռազմականացմանը կամ դրա օգտագործման համար որևէ վճար սահմանելու փորձերին։ Բացի այդ, Պեկինը հետաքրքրություն է հայտնել ավելացնելու ամերիկյան նավթի գնումները՝ նվազեցնելու համար կախվածությունը նշված նեղուցից։ Երկու երկրներն էլ միակարծիք են եղել, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։
Տնտեսական հարթությունում առաջնորդները քննարկել են ամերիկյան բիզնեսի համար չինական շուկայի հասանելիության ընդլայնումը և չինական ներդրումների ավելացումը ԱՄՆ արդյունաբերության մեջ։ Հանդիպման մի մասին մասնակցել են նաև ամերիկյան խոշորագույն ընկերությունների ղեկավարներ։
Սպիտակ տունը նաև հավելել է, որ Թրամփն ու Սին կարևորել են ֆենտանիլի նախանյութերի հոսքի դադարեցման ուղղությամբ առաջընթացը և պայմանավորվել են ավելացնել Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական մթերքների գնումների ծավալը։










































