«ՍԵրժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր է արդեն ավելի քան մեկ ամիս: Սեպտեմբերի 9-ին, երբ այդ պաշտոնից հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը, մերձիշխանական լրատվամիջոցները նույն օրը լուրեր տարածեցին, թե այսօր-վաղը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:
Վերջինս Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի թիմի անդամ է համարվում, և Ս. Սարգսյանը մտադիր է նրան նշանակել այդ պաշտոնում»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ ռուսական շրջանակներն իրենց դժգոհությունն են արտահայտել Վիգեն Սարգսյանի նշանակման հնարավորության կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ նշանակումը խնդիրներ կառաջացնի հայ-ռուսական հարաբերություններում: Բանն այն է, որ դեռ անցյալ տարի մամուլում անանուն հրապարակում հայտնվեց, որի հեղինակը (հեղինակները) պնդում էին, որ Վիգեն Սարգսյանը մոտ 10 տարի առաջ հավաքագրվել է ամերիկյան հետախուզության կողմից և ընդգրկված է եղել ԱՊՀ երկրների տարածքում գործող գործակալների ցանցի մեջ: Ըստ հրապարակման` ցանցի մի մասը գործել է նաև Հայաստանում, որտեղ նրանց առջև խնդիր է դրվել թափանցել պետական իշխանության մարմիններ, ԱՄՆ հետախուզությանը փոխանցել ՀՀ պետական կառավարման, քաղաքական տնտեսական կյանքին վերաբերող կարևորագույն նորություններ և ազդել ԱՄՆ-ի համար բարենպաստ որոշումների կայացման վրա: Հրապարակման մեջ ասվում էր, թե ցանցը բացահայտվել էր ռուսական հատուկ ծառայություննեի հատուկ օպերացիաների շնորհիվ, և այդ մասին ռուսական կողմը տեղեկացրել էր նաև Սերժ Սարգսյանին: Իհարկե, ՀՀ ԱՍԾ-ն հայտարարեց, թե նման բան չկա, բայց այն օպերատիվությունը, որով այդ կառույցը սկսեց զբաղվել սույն տեղեկատվությամբ, արդեն շատ խոսուն Էր:
Հաշվի առնելով նաև այն, որ վիքիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերից էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն հատուկ գորովանքով է վերաբերվում Սերժ Սարգսյանին, ռուսական կողմը, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, մտահոգություն է հայտնել, որ Վիգեն Սարգսյանի առաջխաղացումը կարող է Սերժ Սարգսյանի վերջնական ամերիկանացման նշան հանդիսանալ, որը Ռուսաստանին կմղի համարժեք քայլերի: Ի դեպ, երեկ հարցում էինք ուղարկել Սերժ Սարգսյանի խոսնակին՝ հետաքրքրվելով, թե երբ է նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելու, և ո՞րն է խնդիրը, որ մինչ այժմ այդ պաշտոնում նշանակում չի եղել: Պատասխան այդպես էլ չստացանք»:










































