Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ չի բացառվում, որ հայտնի հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը վարի մրցույթը: Նա նաև նշեց, որ հաղորդավարների թեկնածուների ցուցակում նաև ինքն է, սակայն մանրամասներ չհայտնեց:
Տեղեկացնենք, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 երկիր` բացառությամբ Ադրբեջանի և Թուրքիայի: Վիճակահանության արդյունքում Հայաստանը ներկայացնող մասնակից Դալիթան ելույթ կունենա 4-րդ համարի ներքո: Մրցույթի առաջին կատարողը լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչը, իսկ վերջինը`Բելգիայի ներկայացուցիչը:
Անդրադառնալով մրցույթի տոմսերի գնային քաղաքականությանը` Գոհար Գասպարյանն ասաց, որ տոմսերի նվազագույն արժեքը կլինի 1000, իսկ առավելագույնը` 20,000-ից ավելի դրամ: Հայաստանյան պատվիրակության ղեկավարի հավաստիացմամբ` տոնակատարությունը չի սահմանափակվելու միայն մրցույթով. լինելու են նաև մի շարք այլ միջոցառումներ մինչ մրցույթը:
Տեղեկացնենք, որ «Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վլադիմիր Արզումանյանը գրավեց առաջին տեղը՝ իր «Մայրիկ» երգով:
«Եվրատեսիլ-2011»-ը կանցկացվի դեկտեմբերի 3-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրի սպորտային դահլիճում: Հայաստանը ներկայացնելու է Դալիթան՝ իր Welcome to Armenia երգով:








































