Հունվարի 9-ին Արցախի «տեղեկատվական շտաբը» հայտնել է, որ «նախագահի պաշտոնակատար» Աշոտ Դանիելյանի «որոշմամբ գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից»։ Աշոտ Դանիելյանը «հիմք է ընդունել Արցախի նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերով խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը»։
Մինչ այդ ընդդիմությանը սատարող մամուլը և սոցիալական մեդիան Շաքարյանին «նշավակել» են, որ «լինելով արցախցի զինվորական՝ մասնակցել է Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ուխտերթին»։
Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը, «լեգենդար հետախույզ Կանդազը Վարդաշեն ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել»։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է ընտրակաշառք տալու կասկածանքով։ Նրա մեդիաաջակիցներից ոչ ոք խնդրի իրավական կողմին չի անդրադառնում, միայն շեշտում են նրա զինվորական ծառայությունները։
Քառասունչորսօրյա պատերազմին Արթուր Ավանեսյանը մասնակցել է, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, որպես դիվիզիայի հետախուզության պետ։ Այդ դիվիզիայի հրամանատարը «Արցախի հերոսի» կոչումից «զրկված» Կարեն Շաքարյանն էր։ Ի դեպ, նաև այդ զորամիավորման մասին է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասել, որ ենթարկվել է «Ղարաբաղի նախագահին և ՊԲ հրամանատարին», և այդ ուղղությաամբ թշնամին առաջխաղացում չի ունեցել։
Ստացվում է, որ թշնամուն արժանի դիմադրություն ցուցաբերած դիվիզիայի հրամանատարը «դավաճան» է, քանի որ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին, իսկ նույն զորամիավորման հետախուզության պետը՝ «հերոս», որովհետև «Ուժեղ Հայաստանի» հետ է, նրան անունից «պաշտոն և փո՞ղ է խոստանում»։
«Լեգենդար հետախույզի, պատերազմի հերոսի» քարոզչությունից միայն այդ հետեւության կարելի է հանգել, բայց չէ՞ որ Կարեն Շաքարյանը նույնպես պատերազմի հերոս է։ Եվ եթե Կանդազը Սամվել Կարապետյանի կողքին է, Շաքարյանն էլ Փաշինյանի ուխտերթին մասնակցելու իրավունք ուներ։
Ստեփանակերտի «քղէլիտայի» և հայաստանյան ընդդիմության համար, սակայն, իրավական, քաղաքական, բարոյական փաստարկները և հիմնավորումները ոչ մի նշանակություն չունեն։ Նրանք ունեն մի քարոզչակաղապար, «Արցախցին չի կարող հակափաշինյանական չլինել»։ Նախօրեին «պետական նախարար» Նժդեհ Իսկանդարյանը «ցավ է հայտնել, որ որոշ արցախցիներ սատարում են Փաշինյանին»։
Արցախի կորստյան գլխավոր պատճառը քաղաքական կոչված մի քանի ուժերի և «ընդհատակյա մարզկոմի» կողմից նախագահ Արայիկ Հարությունյանին Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը խզելու պահանջն էր, որ կաթվածահար արեց որոշումներ ընդունելու նրա կամքը, խարխլեց պետական կառավարման համակարգը։
Նույն ուժերը և շրջանակները այսօր անթաքույց բռնանում են տեղահանված արցախցիների կամքին, քաղաքական ընտրություն պարտադրում։ Զինվորականների և պատերազմի հերոսների «պանծացումը» քարոզչահնարք է, որի նպատակը Հայաստանում «արցախյան գետտոյի» ստեղծումն է։ Սա լրջագույն խնդիր է, որ, սակայն, իշխանությունների կողմից չի կարեւորվում։ Ավելին, ՔՊ-ական որոշ դեմքերի երբեմն աբսուրդի հասնող «մեկնաբանությունները», իշխանություններին աջակցող բլոգերների էպատաժային գրառումները շատ հաճախ հակառակ էֆեկտն են ունենում։











































