Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է այսօր որոշում կայացնի Դոնբասից ուկրաինական զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Պեսկովը նշել է, որ հարցը չի վերաբերում ամիսների կամ երկարաժամկետ գործընթացի։
Նրա խոսքով՝ նման քայլի անհրաժեշտության մասին բազմիցս խոսվել է։
«Տեսականորեն, Զելենսկին դեռ երեկ պետք է նման որոշում կայացներ և պատասխանատվություն ստանձներ»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը հավելել է, որ նման որոշումը կարող էր փրկել մեծ թվով մարդկանց կյանքեր և նպաստել պատերազմի թեժ փուլի դադարեցմանը։
«Դա թույլ կտար դադարեցնել այս պատերազմի թեժ փուլը»,- նշել է նա։
Անդրադառնալով Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հնարավոր եռակողմ բանակցությունների դադարին՝ Պեսկովը հայտարարել է, որ դա պայմանավորված է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով։
«Ամերիկացի բանակցողները այժմ զբաղված են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով և չեն կարող ակտիվորեն ներգրավված լինել ուկրաինական հարցերով բանակցություններում»,- ասել է նա։










































