«Լիբիայի ընդդիմադիր Ազգային անցումային խորհուրդը հոկտեմբերի 10-ին ճանաչել է Սիրիայի Ազգային խորհուրդը»,- հայտնում է Franc Press գործակալությունը:
Սիրիայի Ազգային խորհրդի ստեղծման մասին երկրի ընդդիմությունը հայտարարել է հոկտեմբերի 2-ին: Խորհրդի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, գիտնական Բուրհան Գալյուն հայտնել է, որ Սիրիայի Ազգային խորհրդի մեջ են մտնում «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչներ, Սիրիայի «Տարածաշրջանային համակարգող կոմիտեները» «Սիրիական հեղափոխության և անկախ ընդդիմադիրների ղեկավարության բարձրագույն խորհուրդը»:
«Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հանդիպման ժամանակ որոշում է կայացրել ճանաչել Սիրիայի Ազգային խորհուրդը և փակել Լիբիայում գործող սիրիական դեսպանատունը»,- հայտարարել է Լիբիայի Խորհրդի ներկայացուցիչ Մուսա Ալ-Կոնին:
Նախօրեին Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալիմը հայտարարել էր, որ Դամասկոսը «կոշտ միջոցներ» կկիրառի այն պետության հանդեպ, որը կճանաչի ընդդիմադիր Ազգային խորհուրդը: