Եմենի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում` Թաիզում, հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել կանանց երթ` ի պատիվ Խաղաղության Նոբելյան դափնեկիր եմենցի իրավապաշտպան Թավաքուլ Քարմանի: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, երթի կազմակերպիչները հայտնել են, որ ակցիայի մասնակիցների վրա հարձակվել են գործող նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցները, որի դեմ բազմիցս հանդես է եկել Քարմանը:
Կանանց ուղղությամբ քարեր և դատարկ շշեր են նետել: Գործակալությունը, վկայակոչելով բժիշկներին, հայտնում է, որ վիրավորվել են ակցիայի 40 մասնակիցներ:
Թավաքուլ Քարմանը գործող նախագահի դեմ բղոքի ակցիաների գխավոր կազմակերպիչներից մեկն է: Բացի այդ, նա գլխավորում է «Լրագրողներ առանց շղթաների» կազմակերպությունը, որը պայքարում է կին լրագրողների իրավունքների համար: Քարմանը մասնակցություն է ունեցել բազմահազարանոց բողոքի ցույցերին և մի քանի անգամ ձերբակալվել:
Հոկտեմբերի 7-ին Թավաքուլին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:









































