Հոկտեմբերի 10-ի ժ. 11:00-ի դրությամբ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերվել են անհետ կորածների ցուցակում նշվող՝ 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը, որոնք ժամը 11:20-ին տեղափոխվել են դիարան:
Մինչ օրս փրկարարները ՀՀ ՊՆ ուղղաթիռի և քարշակի, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղու» շարժական կռունկի օգնությամբ հողազանգվածից դուրս են բերել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 25 ավտոմեքենա:
Անհայտ կորածների ցուցակը նվազել է: Այնտեղ նշվում է 3 անուն` Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19.03-ին, M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում, Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:











































