Վրացական «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ ողջունում է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի այն որոշումը՝ մասնակցել 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին.
«Հենց այդ գործարարը կարող է լուծել Վրաստանի խնդիրները։ Եթե Իվանիշվիլին իշխի Վրաստանում, ապա Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կկարգավորվեն, և մենք նորմալ կապրենք։
Ասում են, թե Բիձինա Իվանիշվիլին «ռուսական նախագիծ» է։ Սակայն պետք է հիշել, որ 2004 թվականին նախագահի կարգավիճակով Միխեիլ Սաակաշվիլին իր առաջին այցը կատարել է հենց դեպի Ռուսաստան։ Վրաստանի կառավարությունում շատերն են միլիոններ դիզել Ռուսաստանում, անուններ չեմ տալու»։
Շևարդնաձեն նաև Իվանիշվիլիին խորհուրդ է տվել ուժեղացնել իր թիկնազորը, քանի որ Վրաստանում քաղաքականությամբ զբաղվելու վերաբերյալ նրա կայացրած որոշումը բավական վտանգավոր է։









































