Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նիստում տեղի են ունեցել լսումներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նիստը, որում ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նախագահել է Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը։
Նիստում ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն նշել է, որ հակամարտության կարգավորումը հիմնված է 3 սկզբունքի վրա. ուժի չկիրառում, պետության տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։
Բացի այդ, նա հայտարարել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հակամարտության կարգավորման հետևյալ 6 տարրերի ուղղությամբ.
ա) Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների ազատում,
բ) Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում,
գ) Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անմիջական կապի (միջանցքի) ապահովում,
դ) Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցում,
ե) իրենց տները փախստականների վերադարձի ապահովում,
զ) տարածաշրջանում միջազգային անվտանգության և խաղաղապահ գործողությունների անցկացման ապահովում։
Բրադտկեի խոսքերով՝ հակամարտող կողմերն ընդունում են այս սկզբունքների միայն մի մասը, այդ պատճառով էլ անհնար է դառնում եզրափակիչ համաձայնագրին հասնելը։
Իր ելույթում ռուս համանախագահ Իգոր Պոպովը վստահություն է հայտնել, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով։ Նա նաև նկատել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի՝ քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն իր անհանգստությունն է հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ, որոնց զոհ է գնացել 3 մարդ։ Նա հավելել է, որ դրա հետ կապված՝ հակամարտող կողմերին առաջարկվել է հաջորդ շաբաթ նոր դիտարկում անցկացնել շփման գծում։









































