Կարծում եմ, որ Ռաֆայել Իսրայելյանն այն մարդն է, որ կարելի էր ձեռք չտալ նրա տանը, այն չզոհաբերել: Տունը պահելու համար նյութական մեծ միջոցներ անհրաժեշտ չէին: Փաստորեն, Երևանը դառնում է անհիշատակ քաղաք: Խնդիրը դրա մեջ է: «Առաջին լրատվականի» հետ զրույցում վրդովված ասաց ճարտարապետ Արսեն Կարապետյանը:
«Բնականաբար, կարելի է մեկնաբանել, որ քաղաքի կենտրոնը թանկ հող է, կարելի է բիզնես-ծրագրեր իրականացնել և այլն, և այլն, բերել հազար ու մի պատճառաբանություն»,- ասաց նա`նշելով, որ չի էլ ուզում քննարկել կառուցվելիք հյուրանոցի նպատակահարմարության հարցը:
«Ապշելու աստիճան զարմացնում է Երևանն անհիշատակ քաղաք դարձնելու ցանկությունը: Քաղաքին տիրում են մարդիկ, որոնց համար ընդհանրապես մեկ է` ինչ է եղել, ինչ է լինելու»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Սարյան փողոցում գտնվող ճարտարապետի տան տեղում կառուցվելու է հյուրանոցային համալիր:
Ռաֆայել Իսրայելյանը մի շարք հուշահամալիրների հեղինակ է` Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր ու կից թանգարան, Գառնիի ճանապարհին՝ «Չարենցի կամար», դեպի պատմական հուշարձաններ տանող ուղենշան-կոթողներ` «Զվարթնոց», «Գեղարդ»: Հեղինակել է նաև Երևանի «Արարատ» գինու գործարանի պահեստարանները, Հաղթանակի այգում գտնվող «Հայ ժողովուրդը հայրենական պատերազմում» թանգարանը և մի շարք այլ գործեր:









































