Միասնական արժութային համակարգի՝ եվրոյի ներմուծումը ճնշում է տնտեսության վրա: Այսպիսի հայտարարություն է արել Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը Բուդապեշտում` «Վիշիգրադի քառյակի» անդամ պետությունների գագաթնաժողովում:
«10 տարի առաջ միասնական արժութային համակարգի՝ եվրոյի ստեղծմամբ քաղաքականությունը հաղթանակ տարավ տնտեսության նկատմամբ: Դա քաղաքականության կողմից բռնության փորձ էր տնտեսության վրա, հրաժարում տնտեսական օրենքներից, իսկ այդ քայլի արդյունքը այսօրվա Եվրոպայում մենք հստակ տեսնում ենք »,- ասել է Կլաուսը, որի խոսքերը մեջբերում է չեխական հեռուստաընկերությունը:
Չեխիայի նախագահը նշել է, որ եվրոյի ներմուծման ժամանակ հաշվի չեն առնվել եվրագոտու անդամ երկրներում տիրող տարբեր տնտեսական իրավիճակները:
«Վիշեգրադի քառյակի» անդամ պետությունների քննարկման հիմնական թեմաներից է Եվրոպայի այդ տարածաշրջանի տնտեսական դրությունը և եվրագոտու պարտքային ճգնաժամը:
Չեխիայի իշխանությունները նախկինում ևս բազմիցս քննադատել են միասնական եվրոպական արժույթի ներմուծումը և հայտարարել, որ իրենք առայժմ պատրաստ չեն միանալ եվրագոտուն:









































