Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երեկվա ադրբեջանական այցը կարելի է համարել երբևէ Ադրբեջան կատարած պաշտոնական այցերից ամենակարճաժամկետը։
Ընդհանուր առմամբ, Սարկոզին Ադրբեջանում է գտնվել մոտ 2.5 ժամ, որի ժամանակ միայն տետ-ա-տետ հանդիպում է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրա կնոջը պարգևատրել է «Պատվո լեգեոն» շքանշանով։ Ապա Ալիևի հետ ճաշելուց հետո Սարկոզին մասնակցել է ֆրանսիական վարժարանի հիմնարկեքի արարողությանը։ Դրանից հետո նա մեկնել է Թբիլիսի։
Եվ դա այն դեպքում, երբ Սարկոզին գրեթե մեկ օր է անցկացրել Երևանում, այցելել է Ցեղասպանության զոհերի հուշարձան և հնչեղ հայտարարություն է արել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Հայաստանի մայրաքաղաքում երեկոյան կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ Սարկոզին կրկնել է իր այդ պահանջները՝ սպառնալով հակառակ դեպքում ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։
Մինչդեռ Բաքվում Սարկոզին ժամանակ չգտավ այցելելու Շեհիթների (նահատակ) ծառուղի և ճեպազրույց տալու։ Փոխարենը Սարկոզին Երևանում խոսեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև այն մեծ սիրո մասին, որը ֆրանսիացիները տածում են Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, ստորագրվեց Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության մասին համաձայնագիր։
Մի խոսքով, նմանատիպ պահվածքով Սարկոզին ցուցադրաբար նվաստացրեց Ադրբեջանին։ Դրա համար էլ դժվար չէ հասկանալ, թե ինչով էր պայմանավորված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմքին նկատվող գոհունակությունը, որն օդանավակայանում Սարկոզիին ցույց էր տալիս Արարատ լեռը։
Հիշեցնենք, որ Սարկոզին Ադրբեջանի անկախության 20-ամյակի ընթացքում Ադրբեջան այցելած Ֆրանսիայի առաջին նախագահն է:







































