Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Սարգիս Սերոբյանը Հայ-թուրքական արձանագրությունները համեմատում է վիժված, արդեն իսկ մեռած վիճակում լույս աշխարհ եկած երեխայի հետ և համոզված է, որ դրանք վերակենդանանալու ոչ մի հնարավորություն չունեն: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:
«Իմ համոզմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններն ապագա չունեն: Փաստ է, որ երկու երկրների միջև հարաբերությունները չստացվեցին, և դրական արդյունքների հասնելու համար պետք է նոր ճանապարհներ փնտրել, նոր առաջարկություններով հանդես գալ»,- նկատեց «Ակօսի» խմբագիրը:
Սարգիս Սերոբյանի խոսքով՝ հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացմանը չի նպաստի անգամ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Թուրքիա: «Թուրքիան օր օրի հզորանում է և առավել ազդեցիկ դառնում: Այս երկիրը «մեծության բարդույթ» ունի և գիտակցում է իր ուժը: Մեծության բարդույթի մեջ Թուրքիան իրեն հաճախ դասում է աշխարհի գերտերությունների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի շարքին: Այդ է պատճառը, որ արհամարհում է իր համար այնքան աննշան` Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթերը Թուրքիայի համար առաջնահերթություն չեն, և հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ անորոշ ճակատագրով կմնան թուրքական խորհրդարանում»,- ամփոփեց Սարգիս Սերոբյանը: Նա հատկանշական համարեց, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհներ և տարբերակներ պետք է որոնել:
Հիշեցնենք, որ Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի օրենսդիր մարմին վերադարձվել էին սեպտեմբերի 24-ին: Դրանք ստորագրվել էին 2009-ի հոկտեմբերին: Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թվականի ապրիլի 10-ին առկախել էր արձանագրությունների վավերացման գործընթացը: Սակայն Հայաստանն իր ստորագրություններն արձանագրություններից հետ չէր կանչել:









































