«Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնն այս տարի ԴիջիԹեք ցուցահանդեսում ներկայացրել է 2 խոշոր ծրագրերով՝ պետական կառավարման համակարգ և մոբայլ բանկինգ:
«Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը «Առաջին լրատվականին» հայտնեց, որ պետական կառավարման համակարգում ընդգրկված է տեղեկատվության փոխանակման համակարգը, որն այսօր արդեն փոխկապակցել է հանրապետութան 20 խոշոր տեղեկատվական բազաներ և կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր նոր խոշոր ռեգիստրի ստեղծմամբ կարելի է ավելացնել ծավալները. «Դրանով մենք ծառայություն ենք մատուցում տարբեր պետական կառավարման մարմինների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների, ինչպիսիք են բանկերը, որոնք օգտվում են այս համակարգից՝ հաճախորդների մասին տեղեկատվություն ստանալու համար»:
Պետական կառավարման համակարգի բաղադրիչ է նաև դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը, կամ էլեկտրոնային դպրոց համակարգը, որն արդեն ներդրվում է հանրապետության շուրջ 300 դպրոցներում: Այն ավտոմատացնում է հանրակրթական դպրոցի ամբողջ կառավարման գործընթացը՝ սկսած աշխակերտների հաշվառումից, վերջացրած գրադարանով, դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության կառավարումով:
Հ.Չոբանյանի խոսքով, այսօր համակարգը ներդրվում է Երևանի բոլոր դպրոցներում և հանրապետության բոլոր ավագ դպրոցներում. «Հույս ունենք, որ դպրոցները տեխնիկական, ցանցային խնդիր չեն ունենա, որպեսզի բոլոր դպրոցներում մենք դա ներդնենք: Երբեմն դպրոցները բավարար տեխնիկական և ցանցային պայմաններով ապահովված չեն, բայց համոզված եմ, որ առաջիկա տարվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն, իսկ սա ռազմավարական ուղղություն է, որովհետև որպեսզի մենք կարողանանք դպրոցում ստեղծել ՏՏ նոր մշակույթ, պետք է սկսենք ուսուցչից, իսկ այս համակարգի միջոցով ուսուցիչն ամեն օր շփվում է համակարգչի հետ: Դրա արդյունքում վերանում են և կոմպլեքսները, և բարձրանում է գրագիտությունը, ինչը հնարավորություն կտա, որ ուսուցիչը նորովի մոտենա կրթության կազմակերպման գործընթացին»:
Հ.Չոբանյանը տեղեկացրեց, որ 2012թ.-ից երկրում հասանելի կլինի մոբայլ բանկինգ կամ բանկային ծառայությունը հեռախոսի միջոցով, և հեռախոսային ծառայություններ ընդհանրապես՝ առողջապահական, սոցիալական, բանկային և այլն:
«Մենք արդեն ունենք օնլայն համակարգ, որը նպատակ ունենք ներդնել ֆրանսիական «Ջեմալտո» ընկերության և բջջային օպերատորների հետ համագործակցելով»,- նշեց Հ.Չոբանյանը՝ նկատելով, որ եթե ինտերնետ հասանելիությունը ՀՀ-ում 15-20% է, ապա մոբայլը հասանելի է 90-95%-ով:








































