Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Բարձրագույն խորհրդին հղած ուղերձում հայտարարել է, որ Իրանի և միավորման անդամ երկրների միջև համագործակցությունը երկարաժամկետ ռազմավարություն է՝ ուղղված հզոր տարածաշրջանի ստեղծմանը։
Իրանի նախագահի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում։ Այդ մասին տեղեկանում է IRNA գործակալությունից:
«Իրանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկարաժամկետ ռազմավարություն է, որն ուղղված է հզոր տարածաշրջանի ստեղծմանը՝ ազգային ինքնիշխանությունների ամրապնդման, տրանսպորտային կապերի և առևտրի դյուրացման, էներգետիկ անվտանգության բարձրացման, տեխնոլոգիաների զարգացման, համատեղ ֆինանսական և բանկային ենթակառուցվածքների ստեղծման և ժողովուրդների միջև շփումների ընդլայնման միջոցով», – ասվում է Փեզեշքիանի հայտարարության մեջ։ Նա ընդգծել է, որ ապագան պատկանում է այն ժողովուրդներին, որոնք առաջընթացի ուղին հարթում են համագործակցության և փոխադարձ վստահության միջոցով։









































