Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական The Guardian թերթը գրել է, որ Ալիևի ավտորիտար ռեժիմի լոբբիստները գնում են բրիտանացի խորհրդարանականներին։
Օրինակ՝ բրիտանացի պատգամավոր, հետախուզության և անվտանգության գծով կոմիտեի անդամ, պահպանողական Մարկ Ֆիլդը տարեկան 6000 ֆունտ ստերլինգ է ստանում ադրբեջանամետ լոբբիստական խմբի կողմից։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է հետախուզության ու անվտանգության գծով կոմիտեն։
46-ամյա Մարկ Ֆիլդը 9 պատգամավորից բաղկացած այդ կոմիտեի պատմության ընթացքում ամենաերիտասարդ պատգամավորն է։ Այդ պատգամավորներն անմիջականորեն նշանակվում են վարչապետի կողմից և ուղղակիորեն հաշվետու են նրան։
Ֆիլդը 2008 թվականի նոյեմբերին ստեղծված Ադրբեջանի եվրոպական հասարակության խորհրդատվական խորհրդի (ստեղծվել է միջազգային արենայում Ադրբեջանի շահերն առաջ տանելու համար) անդամ է, ինչպես նաև Ադրբեջանի գծով միջկուսակցական խմբի նախագահը։
Նշվում է, որ 2011 թվականի մայիսին Մարկ Ֆիլդն այցելել է Ադրբեջան, ուր հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ 2010 թվականի հուլիսին նա ելույթ է ունեցել Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի կոնֆերանսում։ 2008 թվականին ստեղծվել է նաև «Ադրբեջանի պահպանողական ընկերներ» խումբը, որի կազմում ներառվել է 25 պատգամավոր։
Բրիտանական պարբերականը գրում է, որ այս տարի Ադրբեջանի կառավարութունը քննադատության է ենթարկվել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության և Amnesty International միջազգային կազմակերպության կողմից՝ քաղաքական բարեփոխումներ պահանջող ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու համար.
«Ադրբեջանը ղեկավարում է նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմը, և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանվածությունն այդ երկրում ցածր է։ Ադրբեջանում լրագրողներին հետապնդում ու ձերբակալում են, ընդդիմության թեկնածուները զրկվում են իրավունքներից, ընտրողներին ահաբեկում են։
Այս տարվա մարտին Amnesty International-ը ադրբեջանական իշխանություններին կոչ արեց դադարեցնել ընդդիմադիր ակտիվիստների վրա գործադրվող ճնշումները, որոնք ոգեշնչվել էին Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ընթացող զարգացումներից։ Ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստները պատմել են, որ ոստիկանությունն իրենց ջրային կտտանքների է ենթարկել և անգամ սպառնացել բռնաբարել»։








































