2011թ.-ի հոկտեմբերի 4-ին «Յունիբանկ»-ը տոնեց հիմնադրման 10-ամյա հոբելյանը: Ինչպես նշվում է բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ, ավանդույթի համաձայն` ծննդյան օրը բանկը, որպես նվեր իր հաճախորդներին և գործընկերներին, Ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպել էր հայտնի երգչուհի Քրիստինա Օրբակայտեի մենահամերգը:
Հայ հանդիսատեսին երգչհուհին ներկայացրեց իր լավագույն երգացանկը, որում ներառված էին ինչպես հին և սիրված երգեր, այնպես էլ նոր կատարումներ: Հանդիսականը` «Յունիբանկ»-ի հաճախորդները, գործընկերները և հյուրերը մեծ ջերմությամբ դիմավորեցին երգչուհուն և բուռն ծափահարություններով ընդունեցին Օրբակայտեի կատարումները:
«Շնորհավորում եմ բանկին հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ: Դա հրաշալի հոբելյան է, քանի որ արդեն ամուր կանգնած ես ոտքերիդ վրա, սակայն ամեն ինչ դեռ առջևում է»,- ասաց Քրիստինա Օրբակայտեն` մաղթելով բանկի աշխատակիցներին և հաճախորդներին հաջողություն և հիանալի տրամադրություն:
Յունիբանկի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ բանկի գործունեության 10 տարվա ընթացքում այն դարձավ հայաստանյան ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը և գրանցեց նշանակալի արդյունքներ: Այսօր «Յունիբանկ»-ը հանրապետական նշանակության ճանաչված բանկ է լայն մասնաճյուղային ցանցով` 37 սպասարկման կետ:
30.06.11 թ. դրությամբ «Յունիբանկ»-ի ակտիվները գերազանցել են 112.9 մլրդ դրամը, վարկային պորտֆելը` 74.8 մլրդ դրամը: «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80.3 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է: 2011 թ. առաջին կիսամյակի տվյալներով` «Յունիբանկ»-ի շահույթն ավելացել է ավելի քան հինգ անգամ և կազմել 1 մլրդ դրամ: Բանկը պետական բյուջե է փոխանցել 872 մլն դրամի հարկեր և այդ ցուցանիշով ընդգրկվել Հայաստանի 50 խոշոր հարկատուների ցուցակում:
«Յունիբանկ»-ի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:










































