Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ կժամանի Հայաստան,- հաղորդում է Armenews.com կայքը:
«Ես չորրորդ անգամ եմ այցելում իմ նախնիների հայրենիք: Մեծ հաճույքով եմ գնում: Հավանաբար, այդ պատճառով էլ առանց երկար մտածելու ընդունեցի նախագահի` իրեն ուղեկցելու առաջարկը»,- ասել է 43-ամյա Ջորկաեֆը:
Առաջին անգամ պաշտոնական պատվիրակության կազմում Ջորկաեֆը Հայաստան է եկել 2006 թ. Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ: Ջորկաեֆը ծնվել է Լիոն քաղաքում: Մորական գծով նա հայկական ծագում ունի և մեծացել ու դաստիարակվել է հայկական համայնքում: Ավելի ուշ նա նշել է, որ մեծապես կապված է հայկական մշակույթի և պատմության հետ: Մասնավորապես՝ թեև նրա կինը իսպանուհի է, բայց նրանք պսակադրվել են հայկական եկեղեցում: Ջորկաեֆը Հայաստանի պատվավոր քաղաքացի է:
Նշենք, որ Սարկոզիի հետ Հայաստան կժամանեն նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը և ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը:











































