Независимая газета թերթի փոխանցմամբ՝ Մոլդովայից Հայաստան հրթիռների վաճառքի շուրջ առաջացած սկանդալն ավարտվեց այնպիսի հնչեղությամբ, ինչպես որ սկսվել էր։ Մասնավորապես, երեկ քիշինևյան ԶԼՄ-ները հրապարակել են վաճառված մոլդովական սպառազինության նոր ցանկը, որից պարզ է դառնում, որ, հակառակ պաշտոնական պաշտոնատար անձանց պնդումներին, վաճառված զինատեսակները ոչ թե հնացած են, այլ լիովին մարտունակ։
Նշվում է, որ սեպտեմբերի 12-ին Մոլդովայի մայրաքաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել Բենղազիից ժամանած մարտական ինքնաթիռը, որն անմիջապես ուղղվել է Մարկուլեշտի ռազմական օդանավակայան, որտեղից էլ բեռնված վիճակում մեկնել է սեպտեմբերի 13-ին։
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հետագայում հայտարարեց, որ ինքնաթիռում գտնվել է ժամկետանցած սպառազինություն, որը հասցեագրվել է լատվիական ընկերություններից մեկին։ Արդյունքում, այդ 60 տոննանոց սպառազինությունը հայտնվել է Հայաստանում։
Մոլդովայի Սահմանադրության համաձայն՝ առանց մոլդովական կառավարության համապատասխան որոշման՝ զենքի գործարքներ չեն կնքվում, ինչը նշանակում է, որ կառավարությունը պետք է խորհրդարանին և հասարակությանը բացատրի, թե ինչու է զենք վաճառել սառեցված հակամարտություն ունեցող գոտուն։ Բացի այդ, նշվում է, որ վաճառված սպառազինության վերաբերյալ կնքված գործարքի ու դրա շուկայական արժեքի միջև տարբերությունը կազմում է նվազագույնը 5 միլիոն դոլար։ Այսինքն՝ սպառազինությունը վաճառվել է էժան գնով։
Վաճառված սպառազինության մեջ նշվում են 9В862 վերահսկիչ-ստուգիչ կոմպլեքսներ, 9В863 «Կոբրա» հրթիռներ, ինչպես նաև 9В871-3 «Կոնկուրս-Մ» հակատանկային հրթիռային կոմպլեքսներ։ Սրանք բավական թանկարժեք են, յուրաքանչյուր օրինակի շուկայական արժեքը գերազանցում է 60,000 դոլարը։
Բացի այդ, վաճառված սպառազինության շարքում ընդգրկվել են «Ֆագոտ», «Կոնկուրս», «Շտուրմ-Ս», «Մետիս» տիպի հազարավոր հրթիռներ։ Միայն սրանց շուկայական արժեքը գերազանցում է 5 միլիոն դոլարը։ Այս ամենին պետք է հավելել հակատանկային հրթիռների ռեակտիվ արձակման թանկարժեք սարքերը, որոնք նույնպես վաճառվել են նվազեցված գնով։
Մինչդեռ ազգային անվտանգության գծով խորհրդարանական հանձնաժողովի նիստին հրավիրված պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան հայտարարել է, որ գործարքի արժեքը կազմել է ընդամենը 3,250,000 դոլար։










































