Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը քննադատել է ապրիլի 2-ին Բաքվի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներին ազատազրկման դատապարտելը։
Յագլանդը հայտարարել է. «Առանց ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ անցկացնելու ժողովրդավարություն գոյություն չունի։ Հենց դրա համար եմ ես այդքան անհանգստացած, որ հոկտեմբերի 3-ին ադրբեջանական դատարանն ապրիլի 2-ին Բաքվում անցկացված հակակառավարական հանրահավաքի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար մեղավոր է ճանաչել Արիֆ Գաջիլիին, Թուրալ Աբբասլըին, Մոհամեդ Մեջիդլիին և Ֆուադ Գահրամանլըին։
Այդ դատավճիռները կայացվել են փաստաբանների աշխատանքի կտրուկ վատթարացման ֆոնին, ինչը հակասում է այն հիմնարար իրավունքներին, որոնք Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հարգել՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ։
Ես ադրբեջանական իշխանություններին կոչ եմ անում նորմալ պայմաններ ապահովել՝ փաստաբանների աշխատանքի համար։ Դա առաջին հերթին վերաբերում է այն փաստաբաններին, ովքեր պաշտպանում են ընդդիմադիրների իրավունքները։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է այդ հարցում սերտորեն համագործակցել ադրբեջանական իշխանությունների հետ»։
Հիշեցնենք՝ Յագլանդից առաջ նույն պատճառով ադրբեջանական իշխանություններին քննադատել էր ԱՄՆ-ը՝ նրանց կոչ անելով հարգել ազատ հանրահավաքներ անցկացնելու և ազատ արտահայտվելու՝ սեփական քաղաքացիների իրավունքները, ինչը համապատասխանում է Ադրբեջանի Սահմանադրությանն ու միջազգային պարտավորվածություններին։











































