Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների միջև նյարդերի պատերազմ է սկսվել, և հայտնի չէ, թե այդ պատերազմն ինչով կավարտվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են երկխոսելու, եթե, իհարկե, իշխանությունը համապատասխան կարգով դիմի ՀԱԿ-ին:
«Հետաքրքիր և հակասական իրավիճակ է ստեղծվել: Իշխանություններն ու ՀԱԿ-ը մի կողմից ցանկանում են վերսկսել ընդհատված երկխոսությունը, մյուս կողմից` նրանց շարքերում կան մարդիկ, ովքեր դեմ են դրան: Միանշանակ է, որ լարվածությունը կողմերի միջև գնալով ավելանում է, ինչի արդյունքում հակասությունները ավելի են սրվում: Ինչո՞վ կավարտվի այս իրավիճակը՝ դժվարանում եմ ասել, բայց որ յուրաքանչյուր անզգույշ բառ կամ գործողություն կարող է բռնկման պատճառ դառնալ, հաստատ է»,- նկատեց քաղաքագետը` հավելելով, որ չի կարող կանխատեսել` իշխանությունը երկխոսությունը վերսկսելու համար հատուկ կարգով կդիմի՞ արդյոք ՀԱԿ-ին:
Ամփոփելով` Երվանդ Բոզոյանը նկատեց, որ ՀԱԿ-ը, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելով, ազդեցության լրացուցիչ լծակներ է ձեռք բերել:
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 4-ին, տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքում կառույցի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ պատրաստ են երկխոսելու, եթե իշխանությունը համապատասխան կարգով դիմի իրենց:







































