Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ Աժ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հորդորեց ուսուցիչներին՝ պաշտպանել իրենց իրավունքները: «Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին՝ ուսուցչի օրվա կապակցությամբ` մաղթելով առողջություն, լավատեսություն, ջանասիրություն:
Ուսուցիչը պետք է մեծագույն հաճույք ստանա իր աշխատանքից և բանիմաց լինի դրանում: Սրան հասնելու համար նա պետք է սիրի սեփական աշխատանքը, որի դեպքում նաև հաճույք կստանա, և այդ հաճույքով կվարակի աշակերտներին»,- նշեց Ա. Բախշյանը` հավելելով, որ ուսուցիչն այն մարդն է, ով ամենաշատն ունի ոգևորության և գնահատանքի կարիք: Նա տեղեկացրեց, որ վերջերս նամակ է ներկայացրել քաղաքապետին` կապված մի տնօրենի հետ, որտեղ չի խնայել նաև ուսուցիչներին, ովքեր «հանդուրժում են տնօրենի աշխատանքն իրենց գլխին»:
«Նրանք հանդուրժում են «գլուխդ պատին կտաս» արտահայտությունը և լռում են, զարմանալի չէ՞: Վերջերս սոցցանցերում աղմուկ հանեց նաև աշակերտների մազերը կտրած ուսուցչի դեպքը, ի՛նչ սոցիալական ալիք բարձրացավ, և արդյունքը եղավ երեխայի արժանապատվությունը վիրավորող ուսուցչի հեռացումը»,- դեպքերը հիշեցրեց Ա. Բախշյանը` տեղեկացնելով, որ ուսուցիչը ծառայում է կրթությանը, ունի աշխատանքային պայմանագիր, որում գրված է, որ նա պետք է պաշտպանի իր իրավունքները, եթե ուսուցիչն ինքն իր իրավունքը չի պաշտպանում, ուրեմն չպետք է նրան վստահել, որովհետև ՀՀ կրթության վերաբերյալ օրենքները պահանջում են կրթել ապագա քաղաքացի, այդպիսի ուսուցչին և հատկապես՝ տնօրենին չի կարելի դպրոցին մոտ թողնել:
Անդրադառնալով ՀՀ կրթության որակին ` ասաց, որ դժվար է խոսել, և շատ ցավալի է, որովհետև, նրա փաստմամբ, ամենավատ վիճակում «հայոց լեզու» և «հայ գրականություն» առարկաներն են: « Պետք է լինի մեխանիզմ, որ տնօրենները պարտավորվեն ապահովել դպրոցում կրթության որակը: Գաղտնիք չէ, որ տնօրենների մեծ մասը հաճոյանալու համար իրենց մարզպետին, քաղաքապետին՝ նույն կուսակցության նշանն են սկսում կրել և լավ մատուցված ծառայությունները, որպես վահան են օգտագործում, և դրանից հետո ամեն խայտառակություն վահանը պաշտպանում է»,- մեկնաբանեց ԱԺ պատգամավորը:
Ըստ Ա. Բախշյանի`ուսուցիչը պաշտպանված չէ, քանի որ չգիտի՝ ինչպես դառնալ քաղաքացի և պաշտպանել սեփական իրավունքները: Տեղեկացնենք, որ Բախշյանը տարիներ առաջ եղել է ֆիզիկայի ուսուցչուհի, այնուհետև շուրջ ութ տարի՝ նույն դպրոցի տնօրեն: Լրագրողի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ նա վերադառնա դպրոց, ցավով պատասխանեց՝ ոչ:
«Ցավոք, չեմ կարող դպրոց վերադառնալ՝ տարիքի պատճառով, իսկ դասավանդելու համար արդեն պիտանի չեմ, բայց շատ եմ կարոտում երեխաների հետ շփումը, այն ուժը, որ նրանք ինձ տալիս էին»,- ամփոփեց Անահիտ Բախշյանը:











































