ԱՄՆ-ում սոմալիցի ծովահենների առաջնորդ Մոհամեդ Սալադ Ալին ցմահ ազատազրկման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դատարանը նրան մեղավոր է ճանաչել ամերիկյան «Քվեսթ» զբոսանավի առևանգման համար:
Այսպիսով, Ալին դարձել է ծովահենության գործով դատապարտված 11 մեղադրյալներից մեկը: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հենց նա է պատասխանատու «ծովային հաջողության ջենթլմեններ» ավազակախմբի հավաքագրման համար:
Հիշեցնենք, «Քվեսթ» զբոսանավը Սոմալիի ծովահենների կողմից առևանգվել է 2011 թ. փետրվարին: Մի քանի օր տևած բանակցություններից հետո ծովահենները նավի վրա սպանել են 4 հոգու: Սակայն ամերիկյան զինվորների գործողությունների արդյունքում նավը հետ է վերցվել, որի ժամանակ երկու ծովահեն տեղում սպանվել է, մյուսները ձերբակալվել են և ուղարկվել ԱՄՆ:








































