BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, անդրադառնալով անկախ Պաղեստինի մասին Իրանի առաջնորդի արտահայտություններին, հայտարարել է, թե Խամենեիի խոսքերն ապացուցում են Իսրայելի դիրքորոշումների ճշմարտացիությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Թեհրանում կայացած՝ Պաղեստինի դիմադրողական շարժմանը նվիրված խորհրդաժողովի բացման արարողության ընթացքում մերժել էր Մահմուդ Աբբասի՝ ՄԱԿ-ի քարտուղարին ներկայացրած անկախ Պաղեստինի նախագիծը: Ըստ Խամենեիի՝ Իրանը պահանջում է ազատագրել ամբողջ Պաղեստինը, այլ ոչ թե նրա մի մասը: Այաթոլլահ Խամենեիի կարծիքով՝ Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով ընկած տարածքը համարվում է Պաղեստինի երկիրը:
Իսրայելի վարչապետի մատուցմամբ՝ Իրանի առաջնորդն իր հայտարարությամբ հավաստել է, որ ցանկանում է ոչնչացնել Իսրայել պետությունը, հետևաբար, անկախ Պաղեստինի հարցում իրենց որդեգրած դիրքորոշումները, որոնք առնչվում են երկրի անվտանգության պահպանմանը, արդարացի են:











































