Հոկտեմբերի 4-ին Կալիֆոռնիայի Կուպերտինո քաղաքում տեղի ունեցավ Apple ընկերության երկար սպասված մամլո ասուլիսը, որի ժամանակ ընկերությունը ցուցադրեց իր նորույթները:
Ասուլիսը հատկանշական էր նրանով, որ այն առաջինն էր Аpple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի` գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո: Ի սկզբանե Apple-ի սմարթֆոնների երկրպագուները սպասում էին iPhone-ի նոր տարբերակի շնորհանդեսին: Ընկերության փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերը, սակայն, ներկայացրեց iPhone 4S-ը, որը պահպանել է իր նախորդի` iPhone 4-ի դիզայներական լուծումները, սակայն հագեցել է նոր ֆունկցիաներով:
iPhone 4S-ի յուրահատկությունն այն է, որ սարքը կարելի է գործարկել ձայնային հրամաններով: Սմարթֆոնը հագեցած է ծրագրային հատուկ լուծումներով, ինչը թույլ է տալիս հարցեր ուղղել սարքին և ստանալ պատասխաններ: Այսպես, օրինակ, եթե սարքին հարց ուղղվի, թե արժե՞ արդյոք անձրևանոց վերցնել տնից դուրս գալուց, ապա էկրանին կցուցադրվի օրվա եղանակի տեսությունը:
Նոր սմարթֆոնը նախորդից տարբերվում է նաև նրանով, որ ունի 8 մեգապիկսել սենսորով տեսախցիկ և կհագեցվի Apple A5 կրկնակի պրոցեսորով:
Բացի այդ, մամլո ասուլիսի ժամանակ Аpple-ի փոխնախագահ Սքոթ Ֆորսթալը հայտարարեց, թե հոկտեմբերի 12-ին պատրաստ կլինի Аpple-ի iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների համար նախատեսված iOS 5 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը:
Մամլո ասուլիսի ժամանակ Apple-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ iPhone 4S սմարթֆոնների շնորհանդեսից անմիջապես հետո կիջեցվեն սմարթֆոնների նախորդ բոլոր տարբերակների գները:
Հիշեցնենք, որ առաջին iPhone-ը ստեղծվեց 2007 թ.: 4 տարվա ընթացքում Apple-ը վաճառել է 4 սերնդի ավելի քան 128 միլիոն սմարթֆոններ:









































