Լոս Անջելեսի դատարանն արգելել է քանդել այն տունը, որտեղ իր վերջին օրերն է ապրել դերասանուհի Մերիլին Մոնրոն: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով՝ դատարանն այդ վճիռը կայացրել է սեպտեմբերի 2-ին: Հայցվորները փորձել են հասնել օբյեկտի պահպանվող կարգավիճակի վերացման, բայց դատավորը համարել է, որ Լոս Անջելեսի իշխանություններն իրավացի են դերասանուհու տունը որպես պատմական տեսարժան վայր ճանաչելու հարցում:
Շենքը քանդել են ցանկանում դրա նոր սեփականատերերը, որոնք ապրում են հարևանությամբ: Նրանք հողատարածքն ու տունը գնել են 2023 թվականին 8,35 միլիոն դոլարով և ցանկացել են քանդել այն՝ տարածքը բարեկարգելու համար: Նրանք ստացել են այդ աշխատանքների թույլտվությունը, բայց դերասանուհու երկրպագուները, պատմաբանները և քաղաքի բնակիչները արշավ են սկսել քանդման դեմ: Արդյունքում քաղաքային խորհուրդը 2024 թվականին շենքը ճանաչել է պատմական, տան սեփականատերերը փորձել են վիճարկել այդ որոշումը դատարանում:
Ինչպես նշում է գործակալությունը, Մոնրոն տունը գնել է 1962 թվականի սկզբին և ապրել այնտեղ մինչև իր մահը՝ նույն թվականի օգոստոսը:
Մերիլին Մոնրոն (իսկական անունը՝ Նորմա Ջին Մորտենսոն) ծնվել է 1926 թվականին Լոս Անջելեսում: Նա իր ստեղծագործական կարիերան սկսել է որպես մոդել, բայց արագորեն գրավել է կինոստուդիաների ուշադրությունը և 1946 թվականին սկսել է նկարահանվել ֆիլմերում: Հաջողակ կարիերայի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների և երկրպագուների ուշադրության շնորհիվ դերասանուհին դարձել է 20-րդ դարի ամենափայլուն փոփ կուռքերից մեկը:








































