2011թ. նոյեմբերի 21-ին նախատեսվում է թողարկել հանգուցյալ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի հիթերի հերթական հավաքածուն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Immortal ձայնասկավառակում տեղ կգտնեն ամենահայտնի հիթերի մի քանի փոփուրիներ, ռեմիքսներ, ինչպես նաև մի քանի երգերի (Beat It, Earth Song, Man In The Mirror) վերամշակված տարբերակներ և They Don’t Really Care About Us երգի խմբերգային տարբերակը:
Ձայնասկավառակի պրոդյուսերը Քևին Անտունսն է, որը նախկինում աշխատել է Ջասթին Թիմբերլեյքի, Ռիհաննայի և Մադոննայի հետ:
Ձայնասկավառակն, ըստ էության, իրենից ներկայացնում է Ջեքսոնի կյանքի մասին պատմող The Immortal World Tour շոուի սաունդթրեքը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին Մոնրեալում: Շոուի ընթացքում կադրեր են ցուցադրվել Ջեքսոնի մասին պատմող This Is It ֆիլմից:









































