Բրիտանական նավթագազային BP (British Petroleum) ընկերությունը հայտարարել է Բրազիլիայի ափերի մոտ վերջին 25 տարվա ընթացքում ձեռնարկության համար խոշորագույն նավթի ու գազի հանքավայրի հայտնաբերման մասին: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Հայտնագործությունը, որը ստացել է «Բումերանգ» անվանումը, կատարվել է Սանտոսի ավազանում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Ռիո դե Ժանեյրոյից 404 կմ հեռավորության վրա:
Հանքավայրը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում, աղի շերտի տակ: Օգտակար հանածոների արդյունահանման իրավունքն այն տարածքում, որտեղ այն հայտնաբերվել է, BP-ն 2022 թ. դեկտեմբերին ստացել է աճուրդում: Ընկերության կողմից 5855 մետր խորությամբ հորատանցքը բացահայտել է օգտակար հանածոների պաշարներ՝ ավելի քան 300 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով:
Նշվում է, որ ածխաթթու գազի կոնցենտրացիաների աճը կարող է բարդացնել արդյունահանումը և բարձրացնել վերամշակման արժեքը: Այժմ BP-ն անցկացնում է լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ, որոնք թույլ կտան ճշգրիտ որոշել հանքավայրի ներուժը:
«Բումերանգ»-ը BP-ի կողմից 2025 թվականին հայտնաբերված տասներորդ նավթագազային հանքավայրն է: Մինչ այդ ընկերության մասնագետները հանքավայրեր էին հայտնաբերել ոչ միայն Բրազիլիայում, այլև Տրինիդադում, Եգիպտոսում, Մեքսիկական ծոցում, Լիբիայում, Նամիբիայում և Անգոլայում:
«Բումերանգ»-ից առաջ բրիտանական ընկերության պատմության մեջ ամենամեծ հանքավայրը 25 տարի եղել է «Շահ Դենիզ»-ը, որը հայտնաբերվել էր Ադրբեջանում 1999 թվականին: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ դրա մակերեսը գերազանցում է 140 քառակուսի կիլոմետրը: BP-ն հանքավայրի օպերատորն է, բայց այնտեղ արդյունահանում են իրականացնում նաև, օրինակ, ռուսական մասնավոր «Լուկօյլ» ընկերությունը, ինչպես նաև ադրբեջանական և թուրքական պետական ընկերությունները՝ SOCAR-ը և TPAO-ն:










































