Ահմեդ Ալ Շահատ անունով եգիպտացի «սարդ-մարդը» արաբական աշխարհում հայտնի է դարձել դեռևս երկու շաբաթ առաջ, երբ Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրայից պոկել է Իսրայելի դրոշը, և հիմա էլ փորձել է նոր հերոսություն անել` բարձրանալով Եգիպտոսի մեծությամբ երկրորդ բուրգի գագաթը: Այս մասին հաղորդում է Masrawi ինտերնետ կայքէջը:
Անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ ոստիկանություն են զանգել Գիզայից և հայտնել այն մասին, որ մեկը փորձում է նվաճել Քեֆրենի 136 մետրանոց բուրգը: «Սարդ-մարդը» չի արձագանքել բուրգերը հսկող անվտանգության ծառայության զգուշացումներին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանական ստորաբաժանման աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել բուրգը «նվաճողին»: Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ խառնաշփոթ ստոեղծողը Ահմեդ Ալ Շահատ անունով մեկն է:
Ալ Շահատը ասել է, որ ինքը գնացել է բուրգեր՝ «հանգստանալու և մի քիչ մտածելու», սակայն մի պահ ներքին ձայնը հրամայել է բարձրանալ բուրգի գագաթը` սեփական ուժերը փորձելու համար:
Ոստիկանները ձերբակալել են նրան՝ մինչև պարզվի, թե իրականում որն է եղել բուրգը բարձրանալու պատճառը:








































