– 2008թ. Մարտի 1-ը շատերը համեմատում են 96 թ. սեպտեմբերի 26-ի դեպքերի հետ:
– Համեմատությունը տեղին է ընդամենը մեկ պարագայում, որ տեղի են ունեցել ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ցույցեր,
Մարտի 1-ին տեղի ունեցածը աննախադեպ է, այդպիսի բռնություն ժողովրդի նկատմամբ 20 տարվա մեջ չի եղել, փաստ, որն արձանագրված է ամերիկյան դիվանագետների զեկուցագրերում:
96-ի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այստեղ հանրահավաք է կազմակերպել, հետո տեղափոխել ԱԺ դիմաց, հայտարարել, որ մտնում է ԱԺ բանակցելու ԿԸՀ նախագահի հետ, եթե 20 րոպե հետո չգամ՝ բոլորդ եկեք իմ հետևից:
20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերը և այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես ԱԱԾ նախագահ, ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանը այս հարցում որևէ լիազորություն չունեին և ենթարկվում էին նրան:
Երբ ներխուժեցին ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասեց՝ շեֆ, պետք է կրակել, ասեցի՝ ոչ մի դեպքում, սպասեք, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առևանգել և Լինչի դատաստանին են ենթարկել ԱԺ նախագահին և փոխնախագահին, ես մտածեցի ու ասացի՝ կրակել միայն օդ, և մի քանի րոպե օդ կրակելուց հետո ժողովուրդը ցրվեց: Այդ օրը որևէ մարդ վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ, գոյություն չունի: Իսկ Մարտի 1-ին կա 10 սպանված, հարյուրավոր վիրավորներ, և հիմա եկեք այս իրադարձություններն իրար հետ համեմատեք, ովքեր համեմատում են, նրանք այս մարդասպանների փաստաբաններն են:







































