Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան մտնող ճանապարհների մեծ մասը փակ են, և ոստիկանները երթուղայիններին արգելում են մուտք գործել քաղաք: Այսօր Աշտարակից Երևան մտնող հատվածում Թալինից եկող երթուղայինի ուղևորները «Առաջին լրատվականին» հայտնեցին, որ միայն վարորդի և ոստիկանների երկարատև բանակցություններից հետո են նրանք կարողացել հասնել Երևան:
«Երեք օր է՝ Երևան եկող ուղևորներին բերում ենք մինչև Աշտարակի Գայի պոստ: Շարժվելուց ուղևորներին նախապես զգուշացնում ենք, որ կարող է կրկին ճանապարհները փակած լինեն: Այսօր համբերությունս հատեց և որոշեցի դիմել լրատվամիջոցներին ու այդ մասին տեղեկացրեցի նաև ոստիկաններին, ինչից անմիջապես հետո նրանք իրար խառնվեցին և մի քանի րոպե խորհրդակցությունից հետո որոշեցին ուղևորներից ստորագրություն վերցնել, որ նրանք ուսանողներ են: Հա, երթուղայինում 70-ն անց երկու տատիկ էլ կային, նրանք նույնպես ստորագրեցին, որ ուսանողներ են»,- ասաց երթուղայինի վարորդը:
Հիշեցնենք, որ այս օրերին Ազատության հրապարակում տեղի են ունենում ՀԱԿ-ի կազմակերպած շուրջօրյա հանրահավաքները:









































