Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունն այժմ նոր ձև կստանա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պետական IRIB հեռուստառադիոընկերությանը հարցազրույցում։
«Այսուհետ մեր հարաբերությունները գործակալության հետ նոր ձև կստանան։ Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հստակեցրել է (ԱԷՄԳ-ի հետ համագործակցության) ուղին, համագործակցության տեսակի շուրջ որոշումը թողնվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայեցողությանը», – ասել է նա IRIB-ին։
Նախարարը հավելել է, որ տեսչական ստուգումները կասեցվել են, և Իրանը ներկայում հնարավորություն չի տեսնում ԱԷՄԳ-ի տեսուչներին ընդունելու համար։
«Մենք դեռ որոշում չենք կայացրել անձամբ Գրոսիին ընդունելու առնչությամբ, իսկ ինչ վերաբերում է տեսուչներին, ապա պետք է ուսումնասիրենք՝ արդյոք դա կհամապատասխանի խորհրդարանի օրենքի դրույթներին», – նշել է Արաղչին։










































