Վաղը մեկնարկելիք «Վերադարձի» 5-րդ հոբելյանական փառատոնի տոնական առաջին համերգին հայ հանդիսատեսի դատին երկար տարիներ անց կներկայանան երկու տաղանդաշատ մենակատարներ` ջութակահար Հրաչյա Ավանեսյանը (Բելգիա) և դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը (Գերմանիա): Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:
«Մենք առաջինն ենք, որ պետք է ներկայացնենք արդեն կայացած այս երաժիշտներին»,- հպարտությամբ ասաց Մ. Շահինյանը` հավելելով, որ այս տարի փառատոնի գաղափարախոսությունը նոր երաժիշտների ներկայացնելն է:
«20 օրվա մեջ կունենանք 6 համերգ, կանցկացվեն վարպետության դասեր հրավիրյալ երաժիշտների կողմից»,- ասաց Մ. Շահինյանը` տեղեկացնելով, որ Հր. Ավանեսյանն ու Աշ. Խաչատուրյանը հանդես կգան նաև առանձին համերգներով` հոկտեմբերի 7-ին և 9-ին Կամերային երաժշտության տանը, իսկ դաշնակահար Վազգեն Վարդանյանը (Սլովենիա) հանդես կգա փառատոնի փակման հանդիսավոր համերգին`Արամ Խաչատրյան համերգասրահում:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ազգային-ակադեմիական թատրոնում, ինչը, ըստ նրա, նորություն է այն առումով, որ մինչ օրս համերգները տեղի են ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Արամ Խաչատրյան համերգասրահում, Ազգային պատկերասրահում:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն էլ իր հերթին նկատեց, որ, շնորհիվ փառատոնի, օպերային նվագախումբը հնարավորություն է ստանում «դուրս գալ փոսից», բարձրանալ բեմ ու նվագել հրավիրված երաժիշտների հետ, ինչն «ինքնին շատ հետաքրքիր է»:
Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 24-ին:







































