Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի էներգետիկայի և բնապական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ Թուրքիան չի երկարաձգում խորհրդային ժամանակ կնքված գազային համաձայնագիրը, փորձագետները ձեռնամուխ եղան հաշվարկելու դրանից ռուսական կողմին պատճառված կորուստները։
Ըստ Յըլդըզի՝ Թուրքիան ժամանակին 3-4 գազային համաձայնագիր է կնքել Ռուսաստանի հետ, և ներկայումս դրանցից մեկի ժամկետը չերկարաձգելը խնդիրներ չի հարուցի։ Թուրքիան տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ էր ներկրում «Արևմտյան» («Անդրբալկանյան») գազատարով։ Դա կազմում էր Ռուսաստանից Թուրքիայի ներկրած ողջ գազի 20 տոկոսը։
Այժմ, փորձագետների գնահատմամբ, 25-ամյա վաղեմություն ունեցող պայմանագրի՝ Թուրքիայի կողմից չերկարաձգվելը ռուսական «Գազպրոմ»-ին կարող է արժենալ մոտ 3 միլիարդ դոլար։ Այդ պայմանագիրը կնքվել էր դեռևս 1985 թվականին, հետևաբար այս տարվա դեկտեմբերին ավարտվում էր դրա ժամկետը։
Թուրքական կողմը դժգոհ է ռուսական գազի գնից (հազար խորանարդ մետրի համար՝ 350 դոլար) և պահանջում է 20 տոկոսով նվազեցնել այն։ Հաշվի առնելով, որ, միջին հաշվարկով, հաջորդ տարի հազար խորանարդ մետր գազի գինը կազմելու է 450 դոլար, ռուսական «Գազպրոմ»-ը տարեկան կզրկվի 2.7 միլիարդ դոլարից։
Ընդհանուր առմամբ, Թուրքիան պարտավորվել է տարեկան ներկրել 30 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, սակայն նախորդ տարի ներկրել է միայն 18 միլիարդ խորանարդ մետր։ Ռուսական կողմն իր հերթին ընդգծում է, որ Թուրքիան կարիք չունի տարեկան ներկրել 30 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, և մնացած 2 գազային պայմանագրերը նախատեսում են, որ Թուրքիան Ռուսաստանից տարեկան գնելու է 24 միլիարդ խորանարդ մետր գազ։ Դա բավական է Թուրքիայի համար, քանի որ վերջին 2 տարում ռուսական գազի ներկրումը չի գերազանցել 20 միլիարդ խորանարդ մետրը։











































