Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ամուսնու և սկեսրոջ ծեծից մահացած Զարուհի Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը: Այս մասին հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»:
Դատի ընթացքում հարցաքննվել են դատական բժիշկներ Սարգսյանը և Մելիքյանը: Բժիշկ Մելիքյանը հայտնել է, որ դիահերձման ժամանակ Զարուհու մարմնում որևէ թույնի ազդեցությունչի նկատել:
Այսպիսով, պաշտպանական կողմի վարկածը, թե Զարուհին մահացել է ինքնաթունավորումից, հերքվել է:
Հերքվել է նաև այն փաստը, որ Զարուհի Պետրոսյանի վնասվածքների և մահվան պատճառը աստիճաներից գլորվելն է: Սարգսյանի խոսքով, աստիճաներից ընկնելու ժամանակ նա նման վնասվածքներ չէր կարող ունենալ:
Այնուհետև պաշտպանական կողմը ներկայացրել է մի շարք միջնորդություններ, այդ թվում` արտաշիրիմում կատարելու համար կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Այս միջնորդությունը մերժվել է:
Երկրորդ միջնորդությունը վերաբերել է վկաներ Ասիա Զախարյանին, Դավիթ Հակոբյանին և Հայաստան Պետրոսյանին կրկին դատարան հրավիրելուն, ինչպես նաև միջնորդություն է ներկայացվել Զարուհի Պետրոսյանի հեռախոսը կրկին զննելու մասին:
Վերջին միջնորդությամբ առաջարկվել է Զարուհու ամուսնուն` Յանիս Սարկիսովի համար դատահոգեբուժական հետազոտություն նշանակել:
Դատավորը մերժել է բոլոր միջնորդությունները և դատաքննական շրջանն ավարտված է համարել: Վիճաբանության փուլին անցնելու համար երկու կողմերին 10 օր ժամանակ է տրվել:
Մեղադրող կողմը նշել է, որ բոլոր վկաները հարցաքննվել և տվել են իրենց ցուցմունքները, որտեղ ամեն ինչ շատ պարզ է, և որ այս ամենը կատարվում է պարզապես դատը հետաձգելու համար:
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին ժամ 12:00-ին:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին Զարուհի Պետրոսյանը մահացել էր ամուսնու դաժան ծեծից: Դատավարությունն ընթանում է արդեն մեկ տարի:
P. S. Դատարանի բակում ամբաստանյալ Յանիս Սարկիսովի եղբայրը, վրդովված դատարանի վերաբերմունքից, հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայն հայտարարել է. «Նատուռի վերջ, ես Եվրոդատարան եմ դիմում»: