Խոսելով Հայ ազգային կոնգրեսի`Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հանրահավաքների կարևորությունից, ներքաղաքական կյանքում դրա ազդեցությունից՝ հրապարակախոս, ՀԱԿ Փոքր խորհրդի անդամ Արա Նեդոլյանը նկատեց, որ ամենօրյա հանրահավաքները, նստացույցերը հզորագույն քաղաքական տեխնոլոգիա են, որ կիրառում է այն քաղաքական ուժը, որը վստահ է, որ վայելում է ժողովրդի, հասարակության ամենալայն աջակցությունը, որը վստահ է, որ իր քաղաքական օրակարգը և գաղափարական հիմքերը բավարար են, որպեսզի ստեղծեն երկարատև ակցիայի ընդունակ մարդկային զանգված, գիտակից մասնակիցների հետևողական զանգված:
Նրա խոսքերով` Կոնգրեսն այդ զանգվածը ստեղծել է: Քանի որ դա ստեղծված է, անդադար հանրահավաքը միտում ունի աճելու ու լայնանալու, դառնալու ի վերջո համազգային երևույթ, որը, վաղ թե ուշ, սկսելու է քանդել նաև իշխանական բուրգը. «2008-ին տեսանք նաև դա: Տարբերությունը, երևի, նրանում է, որ այս անգամ իշխանություններին նախապես մատնանշված է ելքը՝ երկխոսությունը, արտահերթ ընտրությունների անցկացումը»,- ավելացրեց Արա Նեդոլյանը:








































