«Հայֆեստ» միջազգային 9-րդ թատերական փառատոնի շրջանակում այս տարի ևս կանցկացվեն կրթական, սոցիալական ծրագրեր, սեմինարներ: Այս մասին այսօր փառատոնի բացմանը նվիրված ասուլիսին տեղեկացրեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
«Սահմանափակ կարողություններով մարդիկ անվճար կմասնակցեն ներկայացումներին: Մանկական ներկայացումները հնարավորություն կունենան անվճար դիտել նաև մանկատների երեխաները»,- հայտնեց նա:
Ա. Ղուկասյանը ուրախալի համարեց այն փաստը, որ այս տարի հայկական այն թատրոնները, որոնք չունեն փառատոնային ներկայացում, չեն մասնակցի «Հայֆեստին»:
«Հայֆեստ» միջազգային 9-րդ թատերական փառատոնի մեկնարկը կտրվի այսօր՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Փառատոնը կբացվի հունգարական «Փի Ար Էվոլուշըն» պարային ընկերության «Կապույտ մարդիկ» ներկայացմամբ: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը: Աշխարհի 18 երկրից փառատոնին կմասնակցի 30 խումբ: Փառատոնի շրջանակում առաջին անգամ կցուցադրվի «Մենության տանգո» (Tango de Soledad) 3D ներկայացումը` Բիլի Քոուի բեմադրությամբ (Մեծ Բրիտանիա): Փառատոնի օրագիրը կցուցադրվի ATV հեռուստաընկերությամբ:









































