Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերթական ռեկորդն է սահմանել ակումբի պատմության մեջ։
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում բելառուսական «ԲԱՏԵ»-ի հետ հանդիպումը դարձավ տվյալ մրցաշարում «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի կարգավիճակում Գվարդիոլայի անցկացրած 42-րդ հանդիպումը, ինչը ռեկորդային ցուցանիշ է ակումբի պատմության մեջ։
Գվարդիոլան դրանով գերազանցեց հոլանդացի մարզիչ Ֆրանկ Ռայկարդի ռեկորդը, ում գլխավորությամբ «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայում անցկացրել է 41 հանդիպում։ Ի դեպ, հոլանդացի մարզիչներ Լուի վան Գաալի և Յոհան Կրուիֆի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն տվյալ մրցաշարում անցկացրել է համապատասխանաբար՝ 40 և 35 հանդիպում։
Որպես «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ՝ Պեպ Գվարդիոլայի նորամուտը Չեմպիոնների լիգայի մրցաշարում տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 13-ին, երբ «Բարսելոնա»-ն 4։0 հաշվով ջախջախեց Կրակովի «Վիսլա»-ին (Լեհաստան)։ Այդ հանդիպումը «Բարսելոնա»-ի պատմության մեջ դրեց նոր (Գվարդիոլայի) դարաշրջանի հիմքը։
Գվարդիոլայի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայում անցկացրած այդ 42 պաշտոնական հանդիպումներից կատալոնացիները հաղթել են 24-ում (58 տոկոս), ոչ ոքի ավարտել 13-ը (30 տոկոս) և պարտվել ընդամենը 5-ում (12 տոկոս)։ Ընդ որում՝ այդ 5 պարտություններից միայն մեկն է եղել վճռորոշ (2010 թականի ապրիլին՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած իտալական «Ինտեր»-ի հետ կիսաեզրափակիչ հանդիպումը՝ 1։3)։
Այդ 42 հանդիպումներում Գվարդիոլայի սաները խփել են 93 գոլ (միջինը՝ 1 խաղում ավելի քան 2 գոլ) և բաց թողել 35 գոլ (միջինը՝ 1 խաղում 1 գոլից էլ պակաս)։ «Բարսելոնա»-ն երկու անգամ կարողացել է հաղթել Չեմպիոնների լիգայի մրցաշարում և մեկ դեպքում էլ հասնել մինչև կիսաեզրափակիչ։
Այդ ամբողջ ընթացքում «Բարսելոնա»-ն պարտադիր դարձել է խմբային մրցաշարի խաղարկությունում իր խմբի հաղթողը։ Ինչ վերաբերում է փլեյ-օֆֆ փուլերին, ապա Գվարդիոլայի թիմը հաղթահարել է նմանատիպ 9 փուլ։








































