Sunday, 07 06 2026
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
ԱՊՀ դիտորդը խախտել է անաչառության կանոնը. հստակ արտահայտվել է ուժերից մեկի օգտին
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին

Արևելյան Գործընկերության Վարշավայի Գագաթնաժողովի Համատեղ Հռչակագիր 29.09.2011թ.

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի` պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները, Եվրոպական Միության ներկայացուցիչները և դրա անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները 2011թ. սեպտեմբերի 29-30-ը հանդիպեցին Վարշավայում վերահաստատելու իրենց հանձնառությունը Արևելյան գործընկերության նպատակներին և շարունակական իրականացմանը: Եվրոպական խորհրդարանի նախագահը և Տարածաշրջանների կոմիտեի, Տնտեսական և սոցիալական կոմիտեի, Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները նույնպես ներկա էին գագաթնաժողովին:

2009թ. մայիսին Պրահայի գագաթնաժողովով մեկնարկվեց ռազմավարական և հավակնոտ Արևելյան Գործընկերությունը` որպես Եվրոպական հարևանության քաղաքականության առանձնահատուկ ձևաչափ` հավելյալ աջակցություն ցուցաբերելու Արևելյան Եվրոպայի երկրների կայուն բարեփոխումների իրականցման գործընթացին` նպատակ ունենալով խթանել ԵՄ հետ նրանց քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը: Պրահայում համաձայնեցված օրակարգը ներառում է Արևելյան Գործընկերության ուղղորդող սկզբունքները, և Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են իրենց հանձնառությունը դրանց ամբողջական իրականացմանը:

Վարշավայի գագաթնաժողովը ըմբռնում է, որ խորացված բարեփոխումների ջանքերը ծառայում են համընդհանուր շահին, ուստի պետք է իրականացվեն ընդհանուր սեփականության և փոխադարձ պատասխանատվության ոգով: Արևելյան Գործընկերությունը հիմնված է ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, օրենքի գերակայության արժեքների և սկզբունքների ընդհանրության վրա: Արևելյան Գործընկերության բոլոր մասնակից երկրները հանձնառու են այս արժեքներին` համապատասխան միջազգային փաստաթղթերի միջոցով: ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր նույնպես հանձնառու է վերջիններիս` Եվրոպական Միության պայմանագրի միջոցով: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ճանաչում են որոշ գործընկերների եվրոպական ձգտումները և եվրոպական ընտրությունը, և նրանց հանձնառությունը` կառուցելու խորը ու կայուն ժողովրդավարություն: Նրանք ընդգծում են Արևելյան գործընկերության առանձնահատուկ դերն աջակցելու համար նրանց, ովքեր ավելի սերտ հարաբերությունների են ձգտում ԵՄ հետ:

Արդեն իսկ շատ ձեռքբերումներ են արձանագրվել: Գործընկեր երկրներում իրականացվել են քաղաքական և տնտեսական բարեփոխումներ և ԵՄ ու նրա արևելյան հարևանների միջև հարաբերությունները զգալիորեն խորացել են: ԵՄ և նրա Արևելյան հարևանների միջև ավելի քան երբևէ առկա է առևտրային և տնտեսական փոխգործակցություն: Այդ միտումը ամրապնդելու նպատակով, ԵՄ և նրա գործընկերների մեծ մասը ներգրավված են Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններում, ինչը նաև համապատասխան պայմանները բավարարելուն պես կհանգեցնի նաև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Միևնույն ժամանակ նրանք ներգրավված են մայրցամաքով մեկ ընդլայնված շարժունակության զարգացման ուղղությամբ: Ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսությունը մեկնարկել է Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության հետ: Վիզայի դյուրացման ռեադմիսիայի համաձայնագրեր են կնքվել Վրաստանի հետ, և նման համաձայանգրեր նախատեսվում են կնքել նաև Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հետ:

Արևելյան Գործընկերության էության մասն է նաև կառավարություններից բացի, հասարակության բոլոր շերտերի հետ համագործակցությունը: Վարշավայի գագաթնաժողովը ողջունում է «Եվրոնեստ» խորհրդարանական վեհաժողովի հիմնումը, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության ֆորումի միջոցով քաղաքացիական հասարակության աճող դերակատարումը: Այն ողջունում է Արևելյան Գործընկերության Բիզնես ֆորումի և Արևելյան Գործընկերության Տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի ստեղծումը:

Ընդունելով և ողջունելով մինչ այժմ արձանագրված առաջընթացը` Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ընդգծեցին, որ Արևելյան Գործընկերության նպատակներին հասնելու համար դեռ շատ անելիքներ կան, ներառյալ համագործակցության գոյություն ունեցող գործիքների համապատասխանեցումը: Այս առումով նրանք ողջունում են Բարձր ներկայացուցչի և Հանձնաժողովի կոմից հրապարակված Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին հաղորդագրությունը: Ավելի մեծ տարբերակվածությունը և փոխադարձ պատասխանատվությունը հնարավորություն կընձեռեն առանձին գործընկերներին ավելի լավ գնահատելու իրենց ձգտումները, կարիքները և կարողությունները: Համաձայն այս սկզբունքների` բարեփոխումների ընթացքով կպայմանավորվի համագործակցության ինտենսիվությունը, և բարեփոխումների իրականացման մեջ առավել ներգրավված գործընկերներն ավելի շատ կշահեն ԵՄ հետ իրենց հարաբերություններից` ներառյալ ավելի սերտ քաղաքական ասոցացման, ԵՄ ներքին շուկային ավելի խոր աստիճանական տնտեսական ինտեգրման և ԵՄ ավելացող աջակցության միջոցով: Այն ներառում է աջակցություն քաղաքացիական հասարակությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաև պետական մարմինների համապարփակ զարգացում, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի ամրապնդում, շուկաների ավելի մեծ հասանելիություն, ներդրումների աջակցության համար Եվրոպական ներդրումային բանկի (EIB) ավելացող ֆինանսավորում և շարժունակության դյուրացում` լավ կառավարվող և անվտանգ միջավայրում: Հակամարտությունների կարգավորումը, վստահության ամրապնդումը և բարիդրացիական հարաբերությունները էական նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման ու համագործակցության համար:

Մասնակիցները համաձայնում են, որ Արևելյան Գործընկերությունը պետք է նշնակալիորեն ամրապնդվի և պարտավորվում են խթանել նրա իրականացումը` հիմնական նպատակ ունենալով կառուցել ժողովրդավարության, բարեկեցության և ընդլայնված փոխգործակցության ու փոխանակումների ընդհանուր գոտի: Նրանք համաձայնում են նաև, որ Արևելյան Գործընկերութան ձեռքբերումները և առաջընթացը պետք է գործընկեր երկրների քաղաքացիներին բերեն անմիջական և շոշափելի օգուտներ, և նրանք հանձնառություն են ստանձնում ընդլայնել իրենց ջանքերը Արևելյան Գործընկերությունը բոլորին ավելի տեսանելի դարձնելու համար:

***

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի` պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները, Եվրոպական Միության ներկայացուցիչները և դրա անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները հանձնառու են Արևելյան գործընկերության հաջողության և զարգացման նկատմամբ, և ուստի համաձայնվել են հետևյալին.

Ավելի խորը երկկողմ ներգրավվածություն` քաղաքական ասոցացում, սոցիալ-տնտեսական ինտեգրում և շարժունակություն

1. Արևելյան գործընկերության նպատակն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ Եվրոպական Միության և շահագրգիռ գործընկեր երկրների միջև խթանելու քաղաքական ասոցացումը և խորացնելու տնտեսական ինտեգրումը` ըմբռնելով ապրանքների և ծառայությունների ընդլայնված առևտրի տնտեսական օգուտները, ավելացող ներդրումային հոսքերի ներուժը և ԵՄ ներքին շուկային աստիճանական տնտեսական ինտեգրման կարևորությունը: Արևելյան գործընկերությունը ձգտելու է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրներում իրականացվող քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներին` դյուրացնելով Եվրոպական Միության հետ համապարփակ մոտարկումը` աստիճանաբար տանելով դեպի ԵՄ ներքին շուկային ինտեգրմանը և այդպիսով` ԵՄ ու գործընկեր երկրների միջև տնտեսական գոտու ստեղծմանը:

2. ԵՄ կանոնակարգերին և ընթացակարգերին աստիճանական մոտարկումը գործընկեր երկրներից պահանջում է բարդ և լայնածավալ բարեփոխումների նկատմամբ բարձր աստիճանի հանձնառություն` ամրապնդված ուժեղ ինստիտուցիոնալ կարողություններով: Այն կառաջացնի ԵՄ կողմից կայուն հանձնառության և աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն` օգնելու արմատական բարեփոխումների իրականացման գործընթացում ներգրավված գործընկեր երկրներին` փոխադարձ հաշվետվության և տարբերակվածության սկզբունքներին համապատասխան:

3. Ասոցացման համաձայնագրերը` համապարփակ բարեփոխումների օրակարգով, և, համապատասխան դեպքերում` խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիները, որպես համաձայնագրի անբաժան մաս, հանդիսանում են Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունների հիմնաքարերը: Արդյունավետ բանակցություններ են իրականացվել Ուկրաինայի հետ: Այս համատեքստում Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ակնկալում են, որ բանակցությունները հնարավոր կլինի ավարտել մինչև 2011թ. ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը: Լավ առաջընթաց է գրանցվել Ասոցացման համաձայնագրի շուրջ Մոլդովայի Հանրապետության, և նշանակալի առաջընթաց է տեղ գտել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի հետ բանակցություներում: Ինչ վերաբերում է Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հետ Ասոցացման Համաձայնագրերի մաս կազմող Խորը և համապարփակ Ազատ Առևտրի գոտիներին, ապա նախատեսվում է, որ նման բանակցությունները կարող են մեկնարկել մինչև այս տարվա վերջը, պայմանով, որ բավարար առաջընթաց գրանցվի մնացյալ հիմնական առաջարկությունների իրականացման գործընթացում: Հիմնվելով կատարված զգալի աշխատանքի վրա` Հայաստանը շարունակում է իր ջանքերը հնարավորինս վաղ պատրաստ լինելու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) շուրջ բանակցություններին:

4. Ասոցացման համաձայնագրերի իրականացումը խթանելու նպատակով աստիճանաբար կմշակվեն Արևելյան գործընկերության «Ասոցացման օրակարգեր»: Համատեղ կսահմանվեն համագործակցության սահմանափակ թվով առաջնահերթություններ, որոնք կզուգորդվեն որոշակի չափորոշիչներով: Առաջընթացի դիտարկումը և գործընկեր երկրներին տրվող աջակցությունը ավելի կենտրոնացած կլինի մասնավորապես այս չափորոշիչների և առաջնահերթությունների վրա:

5. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են սեպտեմբերի 30-ին Սոպոտում Արևելյան գործընկերության գործարար ֆորումի մեկնարկը և հնարավոր աջակցությունը, որ այն կարող է տրամդրել մասնավորապես Ասոցացման համաձայնագրերի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտիների բանակցությունների ընթացքում, ինչպես նաև մրցակցային և համընդգրկուն շուկայական տնտեսություն հիմնելու գործընթացում: Այս առումով մեծ կարևորություն է ստանում կենսունակ և նորարարական ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարակություններ) սեկտորի խրախուսումը:

6. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են վերջերս տեղ գտած տնտեսական ճգնաժամի ընթացքում ԵՄ կողմից որոշ գործընկեր երկրներին մակրոֆինանսական աջակցության տրամադրումը: ԵՄ մակրոտնտեսական աջակցության գործիքը կարող է նաև հետագայում կիրառվել աջակցելու համար գործընկեր երկրներին վճարումների հաշվեկշռի հետ կապված կարճաժամկետ դժվարությունները հաղթահարելու համար, երբ նախապայմանները կկատարվեն և ծրագրերը կապված կլինեն նպատակային բարեփոխումների օրակարգի հետ:

7. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցին ուժեղացնել համագործակցությունը ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում, ինչպես նաև` համակարգումը համապատասխան շրջանակների միջև, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներով: Հետագա համագործակցությունը և համակարգումը, մասնավորապես, ընդգրկելու է անօրինական միգրացիայի կանխարգելումը և պայքարը դրա դեմ, անվտանգ և լավ կառավարվող միգրացիայի և շարժունակության խթանումը, սահմանների համալիր կառավարումը, պայքարը թմրամիջոցների, կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիկինգի և փողերի լվացման դեմ, պայքարը ահաբեկչության դեմ, ինպես նաև պայքարը կոռուպցիայի դեմ և հավելյալ աշխատանք լիովին անկախ դատական համակարգի հաստատման համար: Նախարարական մակարդակով հանդիպումների անցկացումը կնպաստի պատշաճ քաղաքական ուղղորդման և համակարգման ապահովմանը: Ավելին, Սոդերկոպինգի գործընթացը Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակերում ներառելը հնարավորություն կտա ընդլայնել երկխոսությունը և համագործակցությունը միգրացիոն հարցերի լայն օրակարգի շուրջ: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները խրախուսում են ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում մասնագիտացված ԵՄ գործակալությունների համագործակցությունը շահագրգիռ գործընկեր երկրների հետ:

8. Արևելյան գործընկերության առանցքային նպատակներից է մնում քաղաքացիների շարժունակության ընդլայնումը` անվտանգ և լավ կառավարվող միջավայրում: Այս նպատակը որպես առաջին քայլ ենթադրում է մուտքի վիզաների դյուրացման և ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերի կնքում: Երբ նշված համաձայնագրերը կնքվեն և արդյունավետ իրականացվեն, ԵՄ և գործընկեր երկրները քայլեր կձեռնարկեն պատշաճ ժամանակին մուտքի վիզաների ազատականացված ռեժիմներ հաստատելու ուղղությամբ` տարբերակված մոտեցման հիմքով, այն պայմանով, որ երկփուլանի գործողությունների ծրագրով նախատեսված` լավ կառավարվող և անվտանգ շարժունակության համար պայմանները բավարարված կլինեն: Այս համատեքստում Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցներն ի գիտություն են ընդունում վիզաների ազատականացման իրենց համապատասխան գործողությունների ծրագրերի իրականցման գործում Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի գրանցած առաջընթացը: Այս ծրագրերը կարող են օրինակ ծառայել այլ գործընկեր երկրների համար` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները և առաջընթացը:

9. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Վրաստանի հետ վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի արդյունավետ իրականացումը: Նրանք ակնկալում են նման համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսել Բելառուսի Հանրապետության հետ` ի շահ ընդհանուր ազգաբնակչության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ: Նրանք ընդգծում են bona fide (բարեխիղճ) ճանապարհորդներին, մասնավորապես` ուսանողներին, հետազոտողներին և գործարարներին, վիզաներ տրամադրելու գործընթացը բարելավելու համար ԵՄ Մուտքի վիզաների օրենսդրության ընձեռած հնարավորությունները: Նրանք ողջունում են միգրացիայի նկատմամբ գլոբալ մոտեցման շրջանակներում Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի հետ «Շարժունակության շուրջ գործընկերության» հաստատումը, ինչպես նաև այս առումով Հայաստանի Հանրապետության գրանցած լավ առաջընթացը, և ակնկալում են նմանատիպ շրջանակներ հիմնել այլ գործընկեր երկրների հետ:

10. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրերի մեկնարկը, որոնք աջակցելու են ապագա Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների, ինչպես նաև վիզաների ազատականացմանն ուղղված գործությունների ծրագրերի իրականացմանը: Նրանք նաև ողջունում են Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրերը, որոնք գործընկերներին օգնելու են հարթել տնտեսական, սոցիալական և տարածաշրջանային անհամաչափությունները:

Մասնակցությունը ԵՄ ծրագրերին և գործակալություններին, ընդլայնված ոլորտային համագործակցություն

11. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնվում են դյուրացնել գործընկեր երկրների մասնակցությունը ԵՄ ծրագրերում և գործակալություններում` ներառյալ շարունակական համաֆինանասվորման միջոցով: Նրանք ակնկալում են Հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման 7-րդ շրջանակային ծրագրին Մոլդովայի Հանրապետության միանալու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ ծրագրերին Մոլդովայի Հանրապետության մասնակցության հնարավորություն ընձեռող արձանագրության ուժի մեջ մտնելը և վերջերս Ուկրաինայի կողմից նմանատիպ արձանագրության ստորագրումը, և ակնկալում են, որ մնացյալ գործընկեր երկրները ևս կկնքեն այդպիսի արձանագրություններ: Նրանք ողջունում են նաև տարբեր ոլորտներում գործընկեր երկրների աճող գործակցությունը ԵՄ գործակալությունների հետ` ներառյալ ավիացիոն անվտանգության, սննդի անվտանգության և թմրադեղերի դեմ պայքարի ոլորտներում: Նրանք համաձայնում են կազմել առաջնահերթությունների ցանկ` դյուրացնելու համար գործընկեր երկրների մասնակցությունը ծրագրերին և գործակալություններին:

12. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են այն փաստը, որ Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր ոլորտային համագործակցությունը աճել է մի շարք ոլորտներում: Նրանք կոչ են անում ընդլայնել ոլորտային համագործակցությունը և երկխոսությունը, ներառյալ, ըստ անհրաժեշտության, նախարարական և ավագ պաշտոնյաների հանդիպումների գումարման միջոցով:

13. Վկայակոչելով իրենց էներգետիկ փոխկախվածությունը` Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են ամրապնդել իրենց էներգետիկ գործընկերությունը: Նրանք ողջունում են էներգետիկայի ոլորտում գոյություն ունեցող երկկողմ և բազմակողմ համագործակցությունը: Նրանք կխթանեն համընդգրկուն և բաց քաղաքականությունն էներգետիկ անվտանգության, փոխադրման և մատկարարման ոլորտում: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են շարունակել աշխատանքներն իրենց էներգետիկ շուկաների ինտեգրման ուղղությամբ, ներառյալ «Էներգետիկ համայնքի պայմանագրին» Արևելյան գործընկերության շահագրգիռ երկրների սերտ ներգրավման միջոցով: Նրանք ողջունում են «Էներգետիկ համայնքի պայմանագրին» վերջերս Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի անդամակցությունը, և քաջալերում են այլ գործընկեր երկրներին միանալ դրան: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են շարունակել ամրապնդել երկարաժամկետ էներգետիկ անվտանգությունը, ներառյալ էներգակիրների կայուն և անվտանգ մատակարարման և տարանցման, միջուկային անվտանգության, մրցակցային էներգետիկ շուկաներին առնչվող հարցերի շուրջ համագործակցության և շուկայական սկզբունքներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների ընդլայնման միջոցով, ընդլայնել էներգախնայողությունը և վերականագնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը, ինչպես նաև ողջունում են Ուկրաինայի հետ «Արևելաեվրոպական էներգախնայողության և բնապահապանության գործընկերության» մեկնարկը և համաձայնում են աշխատանքներ տանել դրա անդամակցությունը տարածելու նաև այլ գործընկերների վրա: Ռազմավարական կարևորության ենթակառուցվածքների զարգացման առումով, Կասպից ծովի տարածաշրջանից եվրոպական շուկա մատակարարվող էներագակիրների ուղիների դիվերսիֆիկացիան ապահովելու համար` Եվրոպական միությունը և առնչվող գործընկերները ի գիտություն են ընդունում Հարավային միջանցքի իրականացմանն ուղղված նշանակալի և կոնկրետ քայլերը: Ընդգծելով միջուկային անվտանգության կարևորությունը, այդ թվում նոր ատոմակայանների հնարավոր կառուցման առնչությամբ` նրանք ողջունում են այս ոլորտում ընդլայնված համագործակցությունը և խրախուսում թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը և միջուկային անվտանգության ու բնապահպանական միջազգային համաձայնագրերի ամբողջական իրականացումը, և ի գիտություն են ընդունում «ստրես-տեստերի» վերաբերյալ վերջերս կնքած հռչակագիրը:

14. Տրանսպորտային ոլորտում ԵՄ և գործընկեր երկրների ենթակառուցվածքային ցանցերը պետք է ավելի ամուր փոխկապակցվեն միմյանց` մարդկանց և ապրանքների փոխանակումները դյուրացնելու նպատակով: Սրան կարելի է հասնել շուկաների սերտ ինտեգրման և կատարելագործված ենթակառուցվածքային կապերի միջոցով: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում, մասնավորապես` Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափի շրջանակներում:

Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ի գիտություն են ընդունում ընդլայնված Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու զարգացման ուղղությամբ գրանցված լավ առաջընթացը: Նրանք ողջունում են ԵՄ և Վրաստանի միջև կնքված Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը, և Մոլդովայի Հանրապետության հետ վերջերս մեկնարկած բանակցությունները, և ակնկալում են ավարտին հասցնել բանակցությունները Ուկրաինայի հետ: Նրանք քաջալերում են այլ շահագրգիռ գործընկերներին բանակցել նման համաձայնագրեր:

15. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ճանաչում են, որ առաջընթացը դեպի «Կանաչ տնտեսություն», ինչը բնապահպանական տեսակետից կայուն է և ենթադրում է ռեսուրսների ու էներգիայի արդյունավետ օգտագործում, հանդիսանում է ընդհանուր առանցքային նպատակ: Նրանք հանձնառու են կատարելու միջազգային բնապահպանական իրավունքի չափանիշները: Նրանք համաձայնում են ձեռնարկել հրատապ գործողություններ դիմակայելու կլիմայի փոփոխությանը և պայքարելու բնապահապանական քայքայման դեմ, ներառյալ` թունաքիմիկատների և այլ վտանգավոր նյութերի հետևանքով առաջացած դեպքերում: Նրանք համաձայնում են նաև խրախուսել կլիմայի փոփոխության շուրջ երկխոսությունը և կատարել լավագույն փորձի փոխանակում, ինչը կնպաստի կլիմայի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի իրականացմանը և հնարավորություն կընձեռի գործընկեր երկրներին ակտիվորեն օգտվել արագ մեկնարկող և երկարաժամկետ աջակցությունից` կլիմայի ոլորտում իրենց քաղաքականության նպատակներին հասնելու համար: Նրանք ողջունում են «Ընդհանուր բնապահպանական տեղեկատվական համակարգի» ընթացիկ զարգացումը:

16. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման ոլորտներում` ներառյալ Գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման համար Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում: Նրանք ողջունում են գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի աշխարհագրական ցուցիչների պաշտպանության մասին համաձայնագրի կնքումը Վրաստանի հետ: Նրանք ակնկալում են նմանատիպ համաձայնագրի ստորագրում Մոլդովայի Հանրապետության հետ և քաջալերում են մյուս գործընկերներին կնքել այդպիսի համաձայնագրեր:

17. Հասարակությունների ժողովրդավարացման գործում տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների աճող դերակատարման լույսի ներքո` Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են ընդլայնել էլեկտրոնային հաղորդակցության միջոցների ազատականացումը և ողջունում են «Արևելյան գործընկերության էլեկտրոնային կարգավորողների ցանցի» ուղղությամբ կատարվող աշխատանքները:

18. Արևելյան գործընկերության ներքո կրթության, հետազոտության, երիտասարդության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը և երկխոսությունը պետք է ավելի ընդլայնվի, ներառյալ Արևելյան գործընկերության Երիտասարդական ծրագրի մեկնարկի, Արևելյան գործընկերության Մշակութային ծրագրի շարունակության և համապատասխան ծրագրերում մասնակցության ընդլայնման, այդ թվում` «Շարունակական կրթություն», «Մշակույթ» և «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրերին հաջորդող ծրագրերի միջոցով: Քաղաքականությունն ավելի ազդեցիկ ու տեսանելի դարձնելու նպատակով կհիմնվի «Գիտելիքի և նորարարության ընդհանուր տարածք», որը շաղկապված կլինի «Քաղաքային խելամիտ աճին» և ԵՄ նորարարական օրակարգին:

Բազմակողմ համագործակցության ամրապնդում

19. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափում գրանցված առաջընթացը: Բազմակողմ պլատֆորմերը շարունակելու են օժանդակել գործընկեր երկրներին առաջ տանելու օրենսդրական և կարգավորիչ դաշտի մոտարկումը ԵՄ օրենսդրության հետ` հնարավորություն ընձեռելով փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակման համար: Պլատֆորմերի և փորձագիտական խմբերի աշխատանքային ծրագրերը կվերանայվեն` գործընկեր երկրների կարիքների արձագանքման հարցում ճկունության հնարավորություն ստեղծելու նպատակով, հաշվի առնելով համագործակցության նոր ոլորտները: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են կենտրոնանալ Արևելյան գործընկերության հինգ առաջնային նախաձեռնությունների սահուն իրականացման վրա, որոնք աջակցում են ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության կոնկրետ նախագծերին: Նրանք ողջունում և ակնակալում են փոխլրացնող ու զորակցող ազգային ծրագրեր, ինչպիսին է Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնը, որը կենտրոնացված է վարչական կարողությունների ամրապնդման վրա, ինչպես նաև Վարշավայի Հանրային կառավարման Արևելյան գործընկերության ակադեմիան:

20. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցներն գիտակցում են բազմակողմ համագործացության կարևորությունը, որն ընդլայնվում է Արևելյան գործընկերության միջոցով, և շեշտում են տարածաշրջանում տարբեր նախաձեռնությունների և ցանցերի միջև ներդաշնակություն ապահովելու կարևորությունը: Նրանք հիշատակում են, որ Արևելյան գործընկերությունը կարող է օգտակար լինել հենց գործընկեր երկրների միջև սերտ կապեր զարգացնելու համար:

21. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են “Եվրոնեստ” խորհրդարանական վեհաժողովի հիմնումը, որը կարևոր դերակատարություն է ունենալու Արևելյան գործընկերության նպատակների իրականացման առաջընթացին աջակցելու հարցում: Նրանք ողջունում են Տարածաշրջանների կոմիտեի հովանու ներքո կայացած Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների տարեկան համաժողովի մեկնարկը: Նրանք կոչ են անում Տարածաշրջանների կոմիտեին աշխատանքներ տանել արևելյան գործընկեր երկրների տեղական և տարածքային իշխանությունների հետ համագործակցության մշտական ինստիտուցիոնալ շրջանակ հաստատելու համար:

22. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ընդգծում են քաղաքացիական հասարակության կարևոր դերը Արևելյան գործընկերության նպատակներին հասնելու գործում: Նրանք հանձնառություն են վերցնում ամբողջապես սատարել քաղաքացիական հասարակության աշխատանքներին և խրախուսել ժողովրդավարությանը, կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, արդյունավետ կառավարմանը և օրենքի գերակայությանն աջակցելու գործում քաղաքացիական հասարակության դերի զարգացումը: Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը և դրա Ազգային պլատֆորմները էական նշանակություն ունեն ժողովրդավարական արժեքների տարածման գործում, որոնց վրա հիմնված է Արևելյան գործընկերությունը: Ֆորումի ներգրավվածությունը Արևելյան գործընկերության իրականացման մեջ պետք է ուժեղացվի, ներառյալ ամրապնդված կարողությունների և Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափում ընդլայնված մասնակցության միջոցով: Գործընկեր երկրների քաղաքացիական հասարակություններին տրվել և ինտեսիվ կերպով շարունակվելու է տրվել նպատակաուղղված աջակցություն` գոյություն ունեցող գործիքների և կառույցների շրջանակներում, և հնարավոր է նաև «Քաղաքացիական հասարակության ձեռնարկի» և «Ժողովրդավարության համար հիմնադրամի» ստեղծման միջոցով:

23. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական ներդրումները Արևելյան գործընկերությանը, ներառյալ ԵՆԲ «Արևելյան գործընկերության հիմնադրամի» միջոցով: Նրանք ողջունում են նաև Արևելյան գործընկերության «Փոքր և միջին ձեռնարկությունների ձեռնարկի» հիմնումը, որն աջակցելու է ՓՄՁ սեկտորի զարգացմանը, և Հարևանության ներդրումային հիմնադրամի միջոցով կատարված ներդրումները, որոնք ուղղված են, Եվրոպական ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, ԵՄ-ը Արևելյան գործընկերների հետ կապող ենթակառուցվածքային նախագծերին օժանդակելուն:

Եվրոպական Միությունը 2010-13թթ. համար հատկացրել է զգալի ֆինանսական միջոցներ` մինչև 1.9 միլլիարդ եվրո, որպեսզի առաջ մղի Արևելյան գործընկերության իրականացումը` երկկողմ և տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում: Ռիսկային կապիտալը և երաշախավորման սխեմաները կարևոր ֆինանսական գործիքներ են տնտեսական զարգացումը խրախուսելու` մասնավորապես ՓՄՁ-երին աջակցելու համար, որոնք հանդիսանում են աշխատատեղերի ստեղծման և նորարարության հիմնական խթանները: Հենվելով Միջերկրածովյան տարարածաշրջանում և Արևելյան գործընկեր երկրներում նախկին հաջողված փորձի վրա, Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են Արևելյան հարևանությունում ռիսկային կապիտալի հետ կապված գործողություններին հետագայում աջակցելու հնարավոր տարբերակներ ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Ինչպես սահմանվում է ԵՄ Արտաքին գործերի խորհրդի 2011թ. հունիսի 20-ի եզրակացություններում, ԵՄ կողմից հավելյալ ռեսուրսների հատկացումը որոշվելու է 2012-13թթ. ժամանակաշրջանի համար` աջակցելու Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման իրականացմանը, և այս շրջանակում հետամուտ լինելով նաև Վարշավայի գագաթնաժողովի արդյունքներին` ի շահ բարեփոխումներին հանձնառու գործընկեր երկրների: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Եվրոպական հանձաժողովի առաջարկը հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակում հիմնել նոր Եվրոպական հարևանության գործիք, որը, ի թիվս այլոց, կարտացոլի Եվրոպական հարևանության քաղաքականության հավակնությունների նոր մակարդակը:

24. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ի գիտություն են ընդունում ոչ ֆորմալ «Տեղեկատվության և համակարգման խմբի» հիմնումը, որը ներառում է միջազգային ֆինանսական կառույցներ և երրորդ երկրներ, որոնք շահագրգռված են դոնորային աջակցության համակարգմամբ և ընդհանրապես Արևելյան գործընկերության զարգացմամբ:

25. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են զարգացնել քաղաքական համագործակցությունը և երկխոսությունը ԵՄ և գործընկեր երկրների միջև, ներառյալ կառավարման բարեփոխումների, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և հակամարտությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող համապատասխան գլոբալ և տարածաշրջանային արտաքին և անվտանգության խնդիրների շուրջ:

26. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են որ, Արևելյան գործընկերությունը պետք է շարունակի նպաստել կայունությանը և բազկամողմ վստահության ամրապնդմանը, և որ հակամարտությունները խոչընդոտում են համագործակցային ջանքերը: Ուստի, ընդգծում են հակամարտությունների հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղ կարգավորման անրաժեշտությունը` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և դրանց շրջանակում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա: Նրանք ողջունում են հակամարտությունների լուծման և վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերում գոյություն ունեցող համաձայնեցված ձևաչափերի և գործընթացների շրջանակներում, կամ դրանց աջակցելու գործում, ԵՄ դերակատարման բարձրացումը, այդ թվում, ըստ անհրաժեշտության, տեղում ներկայացվածության միջոցով, և ողջունում են Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցչի նշանակումը: Նրանք ընդգծում են Վրաստանում ԵՄ դիտարկման առաքելության տեղում ներկայացված լինելու կարևորությունը: Նրանք նաև ողջունում են վերջերս ընդունված որոշումը` վերսկսելու պաշտոնական բանակցությունները «5+2» ձևաչափով, որի նպատակն է Մերձնդնեստրյան հակամարտության կենսունակ և համապարփակ քաղաքական կարգավորումը:

27. Միջազգային անվտանգության հարցերի շուրջ կողմերը կձգտեն ավելի ակտիվ երկխոսության և համագործակցության, նկատի ունենալով նաև ԵՄ կողմից ղեկավարվող քաղաքացիական և ռազմական գործողություններին գործընկեր երկրների հնարավոր մասնակցության հեռանկարը: ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության շրջանակներում, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության նախագծերում և ԵՄ աջակցության ծրագրերում մեծ շեշտադրում է արվելու հակամարտությունների խաղաղ կարգավորման ու վստահության ամրապնդման միջոցների վրա:

28. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են Արևելյան գործընկերության հիմնական սկզբունքները և գործունեությունը հանրության շրջանակներում խրախուսելու ու տարածելու անհրաժեշտությունը, և համաձայնում են ձեռնարկել հավելյալ գործողություններ դրա տեսանելիությունը բարձրացնելու նպատակով, ներառյալ, ԵՄ և գործընկեր երկրների միջև հարաբերությունները և գործունեությունը բնորոշելու նպատակով Արևելյան գործընկերության տարբերանշանը լայնորեն կիրառելու միջոցով:

29. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Բարձր ներկայացուցչի և Եվրոպական հանձնաժողովի մտադրությունը, գործընկերների հետ խորհրդակցությամբ, միչև այս տարվա վերջը ներկայացնելու ճանապարհային քարտեզ, որում կներառվեն նպատակներ, գործիքներ ու գործողություններ, և որը կուղղորդի ու կդիտարկի դրանց իրականացումը մինչև 2013 թվականի երկրորդ կեսին կայանալիք հաջորդ գագաթաժողովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում