Այս հրապարակում հավաքվել է փոքրիկ երկրի ամենանվիրական և երկիրը չլքած ամենալավ մարդը: Իր ելույթում նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանի խոսքերով՝ Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների միջև տեղի ունեցող երկխոսությունը փաստացի դադարացվել է, որովհետև իշխանություններն ուզում էին, ասենք՝ եթե հիվանդը լավանա ու իրեն հարսանիքի հրավիրեն, այդ հիվանդը ինչ շոր հագնի, մազերը ինչպես սանրի, ում հետ պարի, ինչ ուտի, իսկ մենք ասում էինք, որ պետք է հիվանդությունը ախտորոշենք: Հիվանդին պետք է բուժել, այնուհետև եթե լավանա՝ ինքը որոշի:
Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ երկխոսության առավելություններին՝ նշելով, որ հենց այստեղ, ոտքի վրա մի 10 մարդ կարող է ասել, որ այդ ամենն իմաստ ունի, երբ ասածդ լսում են և հետևություն անում: «Այս իշխանությունները արտահերթ ընտրություններից սարսափում են, որովհետև իրենք գիտեն և փորձել են հերթական ընտրություններով իրենց՝ նախագահ, վարչապետ, պատգամավորներ նշանակելու տարբերակը, իսկ արտահերթ ընտրությունները քաղաքական սուբյեկտների համար հավասար հնարավորություններ են ստեղծում, իսկ հավասար հնարավորություն ստեղծելը այս իշխանությունների համար վայրկյան անգամ սեփական նախաձեռնությունից դուրս թողնել է, ինչն էլ իրենք համարում են պարտություն, մահ: Հիմա Հայաստանում և Արցախում, նաև սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի, նաև իշխանություններին հարցնում եմ՝ ի՞նչ ենք ուզում մենք, եթե մենք ուզում ենք, որ այս երկիրը ժամ առ ժամ, մարդ առ մարդ, տուն առ տուն լքվի ու դատարկվի, եթե մենք ուզում ենք բարոյահոգեբանական ծանր իրավիճակից, սոցիալական անարդարությունից, հուսահատությունից մարդիկ հասեն ինքնասպանության, եթե ուզում ենք աշխարհի մեծերը ինչպես ուզեն մեր գլուխը խուզեն, ապա բերեք ամեն ինչ թողնենք նույնը, ոչինչ չփոխենք:
Իսկ եթե փոփոխություն ենք ուզում, որպեսզի Հայաստանը դառնա ժողովրդավարության կղզյակ, իսկ Ղարաբաղի հարցը ղարաբաղանպաստ լուծվի, մենք միանշանակ պիտի գնանք արտահերթ ընտրությունների: Ես շատ եմ ուզում, որ իշխանությունները հասկանան, որ արդարությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան ցանկացած գնով հաղթանակը: Երբ Կայենը սպանեց իր եղբորը, տեսականորեն ինքը հաղթեց, բայց Աբելի մահը մարդկության ամենամեծ խարանը դարձավ:
Պարոնայք իշխանավորներ, դուք 3 տարի առաջ 10 անգամ սպանեցիք ձեր եղբայր Աբելին, ավանդույթ մի դարձրեք դա»,- նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:
Արամ Սարգսյանի խոսքով՝ Կոնգրեսը վճռական է և առանց աջուձախ նայելու առաջ է գնալու:
«Ովքեր կողքից փնթփնթում են, հիասթափեցնում են… Էն ուժը, որ էսքան պայքարում է, ձեր կռռալով ու ձեր չարախնդությամբ չի պրծնելու, իսկ եթե ուզում եք, որ Կոնգրեսը պրծնի, քվեարկեք, որ գա իշխանության, թեև կասկածում եմ, թե էդ ժամանակ Կոնգրեսը կպրծնի»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:









































