Կրոնական կազմակերպությունների դեմ պայքարը գնահատում եմ հակասահմանադրական, հակադեմոկրատական, հակաօրինական, հակամարդկային: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանի հրավիրած նիստից, նման տեսակետ հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Նշենք, որ նիստը լրագրողների համար փակ էր: «Ես ընդհանրապես վատ եմ գնահատում կրոնական կազմակերպությունների դեմ պայքարը: Ես գիտեմ, որ Ա. Բաղդասարյանը չի բացել փակագծերը, իսկ եթե չի բացել, ուրեմն կարող են ամեն ինչ նկատի ունենալ այդ թեմայի շուրջ»,- ասաց Մ. Դանիելյանը` դեմագոգիա անվանելով Ա. Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե պետք է պայքարել Հայ Առաքելական եկեղեցու ամրապնդման համար:
Նրա հավաստիացմամբ`գոյություն ունի կրոնական կազմակերպությունների մասին օրենք, Սահմանադրության մեջ նույնպես նշվում է, իսկ թե ինչի դեմ է պայքարում Ա. Բաղդասարյանը, Մ. Դանիելյանի կարծիքով, նա ևս չգիտի: «Երևի պետք է պայքարի այլախոհության դեմ»,- նման կարծիք հայտնեց իրավապաշտպանը` հավելելով, որ չի ընդունում «քայքայիչ աղանդ» կամ ընդհանրապես «աղանդ» բառը:









































