Գերմանիայի ՀԴԿ/ՀՔԿ պահպանողական դաշինքը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) ավարտել են նոր կառավարող կոալիցիայի ձևավորման շուրջ մարտի 13-ից սկսված բանակցությունները: Կուսակցությունների առաջնորդները ներկայացրել են կոալիցիոն համաձայնագրի հիմնական դրույթները:
144 էջից բաղկացած համաձայնագրով կողմերը պայմանավորվել են՝
– ստեղծել փորձագիտական հանձնաժողով՝ պարտքի սահմանափակման մեխանիզմը (պարտքի արգելակ) արդիականացնելու համար;
– 2028 թվականից սկսած՝ հինգ տարվա ընթացքում ամեն տարի 1%-ով նվազեցնել հարկերը;
– չեղարկել երեք տարում Գերմանիայի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը;
– ներդնել կամավոր զինվորական ծառայություն;
– կրճատել բյուջետային ծախսերը, ներառյալ` միջազգային կազմակերպություններին կամավոր ֆինանսավորումը:
Պահպանողական կոալիցիայի գործընկերները մեծ ուշադրություն են դարձրել անօրինական միգրացիայի խնդրին: Նրանք համաձայնության են եկել սահմանին կասեցնել Գերմանիա մուտքը, նույնիսկ եթե ներգաղթյալներն ապաստան հայցելու դիմում են ներկայացրել: Երկու տարով կդադարեցվի ընտանիքների վերամիավորումը, կդադարեն փախստականների կամավոր ընդունման ծրագրերը, իսկ արտաքսման համար անվտանգ համարվող երկրների ցանկը կընդլայնվի:
Ակնկալվում է, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնում կընտրվի ՀԴԿ-ի նախագահ Ֆրիդրիխ Մերցը։
Ընտրությունը տեղի կունենա մայիսի 7-ին:








































