«Երկխոսությունը չի շարունակվի, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում ասել է, որ պետք է, ինչքան հնարավոր է, շատ ժողովուրդ հավաքեն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը: Նա նաև նկատեց, որ Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին ասել է, թե իրենց գործունեությունը շարունակելու են սահմանադրական ճանապարհով, ինչը դրական է գնահատում: Ամեն դեպքում ավելացրեց, որ եթե նրանց հաջողվի «կատաստրոֆիկ քանակով» մարդ հավաքել, կփորձեն իշխանությանը ճնշել:
«Երկրի կարևորագույն իրադարձություններից մեկն ընդհատվեց, բայց կառավարությունը չի կարող իրավական հարցի հաշվին քաղաքական հարց շարունակել»,- լրացրեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ ՀԱԿ-ը ուզում է իշխանությունը վերցնել, և ինքն առաջարկում է.«Խնդրեմ՝ վերցրեք, բայց ընտրությունների միջոցով»:
Ռաֆիկ Պետրոսյանը չի հավատում նաև երրորդ ուժի ձևավորմանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Պատասխանելով այսօրվա հանրահավաքը ինչ-որ բան կփոխի՞, թե՞ ոչ հարցին, Պետրոսյանն ասաց, որ հանրահավաքներն արագացված արվում են, որ մարդկանց թիվն ավելացնեն, բայց չեն կարողանա նախկին հանրահավաքների թիվն ապահովել:
Արձագանքելով ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի այն հայտարարությանը, թե իրենց հիմնական մրցակիցը ՀՀԿ-ն է, նա ասաց. «Քանի որ կա կոալիցիոն հուշագիր, նշանակում է, որ ոչ թե մրցակիցներ, այլ գործընկերներ ենք»: Ըստ նրա՝ Վարդան Բոստանջյանը, հավանաբար, «տերմինական» սխալ է թույլ տվել:
«ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն նույն մեխին են խփելու»,- ասաց Պետրոսյանը՝ միաժամանակ նկատելով, որ ԲՀԿ-ին իրենց գործընկերն են համարում, բայց ՀՀԿ-ին գերազանցող ուժ Հայաստանում չկա:
Մեր այն դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ Վարդան Բոստանջյանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ կոալիցիոն հուշագիրն իրեն սպառել է, պատգամավորը պատասխանեց, որ Հայաստանում կոալիցիան անհրաժեշտ է՝ երկրում հանդուժողականություն պահելու համար, քանի որ կոալիցիա եթե չի կազմվում, մյուս հզոր ուժերը դառնում են ընդդիմադիր, իսկ այսպես բոլորը միասին մի մեխի են խփում:
Նրա խոսքերով՝ արտահերթ ընտրության ո՛չ հիմք կա, ո՛չ՝ նախադրյալ: Իսկ լարվածությունը թուլացնելու միակ միջոցը երկխոսությունն է, եթե ոչ այսօր, ապա՝ առաջիկայում:
Լրագրողի այն դիտարկմանը, որ, եթե երկրում լարվածություն չկա, ինչու են բանակցում արտախորհրդարանական ուժի հետ, ավելացրեց, թե մի խելքը լավ է, երկուսը՝ ավելի լավ: Ավելին, իշխանությունը ցույց է տալիս, որ գնում է հանդուրժողականության ճանապարհով:
Հանրապետական ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն, անդրադառնալով այն խոսակցություններին, թե Պուտինի գալով Քոչարյանը կառաջադրվի՞, նշեց, որ Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն, բայց ոչ նախագահի պաշտոնում:
Լրագրողների այն հարցին, թե ինքը հաջորդ խորհրդարնում տեղ կունենա՞, Ռ․ Պետրոսյանը նշեց, որ դժվար հարց է, որովհետև խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ասել է՝ պետք է երիտասարդներ գան, գործարարները կարող է չլինեն: Այսինքն նոր սկզբունքեր են մշակվել: Բացի այդ, ինքը համաձայն է, որ խորհրդարան գան նրանք, ովքեր իսկապես աշխատում են, իսկ լրագրողների միջոցով բոլորն էլ տեսնում են՝ ովքեր են աշխատում․ «Ես չեմ մտածում լինել, թե՝ ոչ: Եղել եմ երեք անգամ, աշխատել եմ տասնհինգ տարի, ճակատիս գրված չի, որ միշտ լինեմ, բայց եթե լինեմ՝ կշարունակեմ աշխատել»:











































