ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեհաստանում հանդիպումներ են ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ և, ինչպես հայտնում են այդ հանդիպումներից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ, նրանց են ներկայացրել հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկա գործողությունների պլանը: Հազիվ թե այդ պլանը տարբերվի մինչ այժմ եղած գործողություններից: Այսինքն՝ բնականաբար, կնախատեսվեն համանախագահների տարածաշրջանային այցեր և գուցե նաև նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներ որոշակի առիթների դեպքում կամ առանձին հատուկ նախաձեռնություններով: Հատկանշական է, որ համանախագահները իրենց հայտարարության մեջ չեն հիշատակում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ այսպես ասած «եռակողմ» նախաձեռնությունների մասին:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում այդ նախաձեռնությունների էջը փակվում է: Համենայն դեպս, դա կլինի տրամաբանական թե այն առումով, որ այդ էջը ուղղակիորեն ապարդյուն ստացվեց և տապալվեց Կազանի վերջին հանդիպմանը, թե այն պատճառով, որ Մեդվեդևն արդեն դե ֆակտո որևէ մեկի կողմից չի ընկալվում որպես Ռուսաստանի նախագահ այն բանից հետո, ինչ նա հայտարարեց «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում: Այդպիսով, ըստ ամենայնի, Լեհաստանում տեղի ունեցած հանդիպումներով փակվեց Ռուսաստանի միջնորդական ակտիվության էջը:
Հայաստանի համար դա թերևս կարելի է համարել նպաստավոր զարգացում, քանի որ այդ ակտիվությունն իրականացվում էր ռուս-թուրք-ադրբեջանական գործակցության համատեքստում, որի հիմքում ընկած էր ոչ թե մեծ քաղաքականությունը, այլ դրա անվան տակ ընդամենը մեդվեդևյան որոշակի շրջանակում առկա բիզնես հետաքրքրությունները նավթագազային ոլորտում: Հայաստանը, ըստ էության, դառնալու էր այդ հետաքրքրությունների զոհը, թե չլիներ արևմտյան քաղաքական միջամտությունն այդ գործընթացին: Ներկայումս, ինչպես կարելի է դատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լեհաստանյան հայտարարությունից, այդ էջը կարելի է համարել փակված։ Եթե անգամ Մեդվեդևը նորից նախաձեռնի ինչ-որ հանդիպումներ, դրանք այլևս կարելի է համարել անվավեր, և քաղաքական առումով հաստատ ժամկետանց: Այսինքն՝ Լեհաստանում սկիզբ է դրվում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի նոր փուլի մեկնարկին, ինչը, ամենայն հավանականությամբ, պետք է վերագրել առավելապես Արևմուտքի նախաձեռնությամբ արդեն տևական ժամանակ շարունակվող կարգավորման իմիտացիոն գործընթացին, երբ առայժմ չկա ստատուս-քվոն իրավաբանորեն ամրագրելու ռեսուրս, բայց այն ամրագրվում է դե ֆակտո:









































