Թուրքական Dünya Bülteni կայքը, վկայակոչելով բրիտանական Guardian թերթին, նշում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Թուրքիայի դեմ կարող է կիրառել քրդական խաղաքարտը։
Դրա համար կարող է պատճառ հանդիսանալ այն հանգամանքը, որ, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ պատժամիջոցներ չի սահմանել Սիրիայի նկատմամբ, Թուրքիան առաջ է ընկել նրանից և սկսել Սիրիայի նկատմամբ միակողմանիորեն պատժամիջոցներ սահմանել։
Նշվում է, որ հոկտեմբերի առաջին օրերին Թուրքիայի վարչապետ Էրդողանն այցելելու է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի վրանային ճամբարներում բնակվող սիրիացի փախստականներին։ Ակնկալվում է, որ դրանից հետո Էրդողանը հանդես է գալու Սիրիայի նկատմամբ քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներին առնչվող պատժամիջոցների սահմանման վերաբերյալ հայտարարությամբ։
Ի պատասխան դրա՝ Ասադը կարող է Թուրքիայի նկատմամբ գործի գցել քրդական խաղաքարտը։
Հիշեցնենք, որ 1990-ական թվականների վերջին Սիրիան և Թուրքիան գտնվում էին պատերազմի նախաշեմին, քանի որ Սիրիան ակնհայտորեն աջակցում էր Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK):










































