Այսօր մեկնարկեց «Բարձրագույն կրթության հեռանկարները» խորագրով գիտաժողովը, որի ընթացքում իրենց ելույթներով հանդես կգան 6 դասախոսներ՝ միջազգային հեղինակավոր համալսարաններից, ինչպիսիք են Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը, Լոս Անջելեսի համալսարանը, ՀԱՀ-ը և այլն:
Բացման խոսքով գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը` 21-րդ դարում կարևորելով բարձրագույն կրթությունը, որն անհրաժեշտ է գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու համար: Նա նաև տեղեկացրեց, որ ՀԱՀ-ը անկախ Հայաստանի տարիքին է և այս գիտաժողովի միջոցով տոնում էր իր 20-ամյակը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց գիտաժողովի նախագահ, ՀԱՀ-ի դասախոս Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի պրովոստի պաշտոնակատար, քաղաքացիական ճարտարագիտության պրոֆեսոր Արմեն Տեր-Կյուրեղյանը, գիտաժողովի մասնակիցները Հայաստանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ու դասախոսներն են: «Բոլոր դասախոսները, որոնք ելույթ կունենան, բարձրագույն կրթության մասնագետներ են, ովքեր կներկայացնեն բարձրագույն կրթության հարցերը և վերջին նվաճումները»,- ասաց Ա. Տեր-Կյուրեղյանը` հույս հայտնելով, որ հայաստանյան բուհերի ներկայացուցիչները ելույթներից կքաղեն դրականը:
Տեղեկացնենք նաև, որ գիտաժողովի ընթացքում «ՀՀ բարձրագույն կրթության նվաճումները և ներկա մարտահրավերները» թեմայի շուրջ ելույթ կունենա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:







































